Նիկոլ Փաշինյանը վերադառնում է Սերժ Սարգսյանի «կետին»

«Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից»,- դեռեւս ապրիլին այսպիսի հայտարարություն արեց Նիկոլ Փաշինյանը՝ Ալիեւի հետ ունեցած հանդիպման վերաբերյալ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքն Արցախի հարցով  բանակցությունները վերսկսում է Սերժ Սարգսյանի՞ կանգ առած կետից:

Բառացիորեն երեկ Փաշինյանը պետերբուրգյան ասուլիսին խոսեց 2016 թ. — ի պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտության մասին եւ հերքեց ուղիղ մեկ ամիս առաջ արված վերոնշյալ հայտարարությունը, որով «ջրում էր» Վիեննայի ու Պետերբուրգի համաձայնությունները, հայտարարելով, որ, բանակցություններն սկսել է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իր սեփական կետից, ասել է թե՝ Դուշանբեից:
Տարբերվելը և էքկլյուզիվ երևալը Փաշինյանի մոտ սուր ձևով են արտահայտվում, բայց դա գուցե ներքին խաղահարթակում կարելի է իրացնել, բայց ոչ արտաքին քաղաքականության մեջ:
Դուշանբեում տեղի ունեցած «վերելակային» դիվանագիտությունից հետո Ադրբեջանին կարծես հաջողվեց մարսել 2016-ի ապրիլյան արկածախնդրությունը և «ջրել» Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում ու Ժնևում ձեռք բերված ինստիտուցիոնալ համաձայնությունները, որոնք վերաբերում էին հրադադարի գործիքակազմերին ու ճնշման միջոց էին Ալիևի վրա:
Այդ գործիքակազմերը Երևանին հնարավորություն էին տալիս դիվանագիտական դաշտում առավելության հասնել Բաքվի նկատմամբ, ինչպես նաև բովանդակային բանակցությունները հետագայում վերսկսել ոչ թե կազանյան փաստաթղթի շուրջ, որը դրված էր սեղանին մինչ ապրիլյան քառօրյան, այլ ավելի շահեկան փաստաթղթի:

Իհարկե, փաստաթղթի փոփոխության չեղավ, ամիսներ առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել է Մամեդյարովի այն հայտարարությունը, որ Արցախի հարցով բանակցային սեղանին 2016 թվականի փաթեթն է, որն ընդունված է «Լավրովի պլան» անվանել կամ կազանյան փաստաթուղթ, սակայն Փաշինյանի հայտարարությունը սեփական <<կետից>> սկսելու մասին, ավելի էր բարդացնում պաշտոնական Երեւանի վիճակը՝ չեղարկելով Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարումը: Հիմա դարձ ի շրջանս յուր է կատարվում ու Փաշինյանը վերադառնում է Սերժ Սարգսյանի կետին:

hayeli.am

Նմանատիպ գրառումներ