Ոստիկանությունը քննում է Գյումրու տնակներից թուրքերին վաճառված երեխաների մասին Մարինա Խաչատրյանի հայտարարությունը

Երեւանի ավագանու նախկին անդամ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը երեկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Գյումրու տնակներում բնակվող կանայք արցունքն աչքերին՝ իրենց երեխաներին վաճառում են թուրքերին: Այս հայտարարությունը դեռ երեկ հարուցել է գյումրեցիների զայրույթը:

Խաչատրյանից ներկա պահին Գյումրին պահանջում է իր մատնանշած դեպքերի մասին հստակ ապացույց: Հակառակ պարագայում հենց Գյումրիում պետք է Խաչատրյանը ներողություն խնդրի բոլորից՝ մեկ ամբողջ քաղաքի անվանարկելու եւ տնակներում ապրողներին վիրավորելու, նրանց հանցագործության մեջ մեղադրելու համար: Մարինա Խաչատրյանի հայտարարությունն ուսումնասիրվում է համապատասխան կառույցների կողմից: Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն արդեն հանձնարարականը տվել է:

«Նշված նյութն ուղարկվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության ԺՊ-ին, հանձնարարել եմ ձեռնարկել ստուգողական օպերատիվ հետախուզական գործողություններ՝ նյութում առկա տեղեկատվության իսկությունը պարզելու կամ հերքելու ուղղությամբ»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց մարզի դատախազը:

«Գյումրիում դեռ շատ տնակաբնակներ կան, սակայն որեւէ մեկն իր երեխային չի վաճառել: Մերկապարանոց սուտ է»,- ասաց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը: Նա անգիր գիտի Գյումրու բոլոր տնակների բնակիչներին ե՛ւ դեմքերով, ե՛ւ անուն-ազգանուններով: Ասում է՝ անգամ ծայրահեղ աղքատության մեջ ապրողներն ամեն ինչի պատրաստ են, որ երեխաներին կարողանան պահել, խնամել: «Գյումրին էնքան փոքր քաղաք է, որ մի ծայրում ճանճը տզզա, մյուսում կիմանան, էլ ուր մնաց թե երեխա վաճառեն, ու էդ թաքուն մնար: Հավատացած եղեք, որ ԱԱԾ-ից, ոստիկանությունից առաջ ես էդ մասին հաստատ կիմանայի: Չկա նման բան, տնակներում, ճիշտ է, կյանքը ծանր է, բայց այնտեղ հանցագործներ չեն ապրում, մայրերը Գյումրիում երեխաներ չեն վաճառում: Եթե ասել է, պետք է ապացուցել կարողանա»,- ասաց Վահան Թումասյանը:

Թե Մարինա Խաչատրյանն ինչո՞ւ արեց նման հայտարարություն, այս պահին հստակեցնել հնարավոր չէ: Նրան ուղղված մեր զանգերը մե՛կ մնում են անպատասխան, մե՛կ հեռախոսն անջատվում է առաջին զանգից:

Վահան Թումասյանը երեկվա հայտարարությունը Գյումրիին ուղղված լուրջ հարված է համարում հենց տնակների բնակիչների մասով: Արտերկրի բարեգործներն ու հովանավորները, որոնք իրենց  ֆինանսական միջոցներով մշտապես հոգում են տնակներում ապրողների կարիքները, նրանց համար գնում են բնակարաններ, գյուղերում նաեւ կառուցում են գոմեր ու անհրաժեշտության դեպքում նաեւ կենդանիներ են նվիրում Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի կարիքավոր ընտանիքներին, կարող են դադարեցնել իրենց օժանդակությունը:

«Պետք չէր, էլի, իր վրա ուշադրություն հրավիրելու կամ սենսացիա անելու համար նման սուտ հորինել, կամ, ով գիտե, թե որտեղից լսած այդ ինֆորմացիան բերել ու կապել է մի ամբողջ քաղաքի հետ: Վաղը, մյուս օրը կանցնի էդ սենսացիայի պահը, մարդիկ կմոռանան, բայց ազդեցությունը մենք դեռ երկար ժամանակ ենք զգալու: Այնպես որ, լավ կանի կա՛մ ասի՝ ինչ գիտի իրականում, կա՛մ էլ նորմալ, մարդավարի, բարձրաձայն հերքի ասածները: Էս պահանջն ամբողջ Գյումրիին է»,- զրույցի ժամանակ ասաց Վահան Թումասյանը:

Արմենուհի Մինասյան

Նմանատիպ գրառումներ