«Ուշադրության կենտրոնում եմ, սակայն հայտնիությունն ինձ չի խանգարում»․ ապագա իրավագետ Հայկուհի Մաթևոսյանի ուսանողական look-երն ու համալսարանական կյանքը (լուսանկարներ):

«Հայաստանի գեղեցկուհու» տիտղոսակիր Հայկուհի Մաթևոսյանը նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է Tert.am Life-ին: Նրա հետ զրուցել ենք ինչպես համալսարանական կյանքի, այնպես էլ ուսանողական նորաձևության մասին։

Հայկուհին ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի է։ Մասնագիտական ընտրությունը, ըստ նրա, եղել է թե՛ իր, թե՛ ծնողների ցանկությամբ։

«Համալսարանս շատ եմ սիրում, ընտրածս մասնագիտությունը՝ ևս։ Սա այն մասնագիտությունն է, որն ընտրել եմ դեռ 9-րդ դասարանում: Չնայած արդեն կողմնորոշված էի, թե որտեղ եմ ուզում սովորել, ծնողներս էլ ուղղություն ցույց տվեցին, հատկապես, որ մեր շրջապատում շատ են մասնագիտությամբ իրավաբանները»,- ասաց Հայկուհին։

Խոսելով կարծրատիպի մասին, թե այդ ֆակուլտետում սովորում են հիմնականում ապահոված ընտանիքի երեխաները՝ Հայկուհին ասաց․ «Իհարկե, լսել եմ նման կարծիքներ, սակայն իրականում շատ տարբեր է, մեզ մոտ տարբեր մարդիկ կարող են սովորել՝ հարուստ, աղքատ: Նման այլ տարանջատումներ չկան մեր ֆակուլտետում»։   

Հայկուհու խոսքով՝ ուսանողական կյանքն իր համար շատ հետաքրքիր է, սակայն դեռ չի հասցրել ամբողջությամբ վայելել այն։ Նա լավատեսորեն է տրամադրված՝ դեռ ժամանակ կունենա։

«Յուրաքանչյուրիս կյանքում էլ ուսանողությունը հիշարժան շրջան է։ Դեռ տարիներ ունեմ մինչ ավարտելը, կարծում եմ, որ ինձ բավականին բարդ, բայց, միևնույն ժամանակ, հագեցած տարիներ են սպասվում։ Մեր կուրսն այդքան էլ ակտիվ չէ, բայց, կարծում եմ, դեռ երկար ժամանակ ունենք ուսանողական կյանքըլավ վայելելու համար»,- նշեց Հայկուհին։

Համակուրսեցիների հետ հարաբերությունների մասին խոսելով՝ «Հայաստանի գեղեցկուհու» տիտղոսակիրն ասաց, որ դեռ առաջին կուրսում իրեն ճանաչում էին «Միսս Արմենիա 2017»-ից․ «Ինձ շատ ջերմ են ընդունել, փորձել են ընկերանալ ինձ հետ, ես էլ նրանց եմ շատ սիրել, շատ լավ հարաբերություններ ունեմ բոլորի հետ։ Կուրսընկերներս էլ, իսկապես, ինձ են սիրում, նույնն էլ դասախոսների դեպքում է։ Բնականաբար, ուշադրության կենտրոնում եմ լինում, սակայն հայտնիությունն ինձ չի խանգարում համալսարանում»։

Ուսանողական նորաձևության վերաբերյալ Հայկուհին ունի իր պատկերացումները: Վստահեցնում է, որ համալսարան է գնում միայն հարմարավետ և համապատասխան հագուստով։

«Չնայած հնարավորինս հետևում եմ նորաձևությանը՝ կարծում եմ, պետք չէ նորաձևության զոհ դառնալ։ Ուսանողն արդեն չափահաս մարդ է և իրավունք ունի հագնել այն, ինչն ինքն է ցանկանում, սակայն պետք է գիտակցել, որ ամեն հագուստով չէ, որ կարելի է գնալ համալսարան։  Ուսումնական պրոցեսի համար ինքս ընտրում եմ հարմարավետ հագուստ՝ սպորտային, մի քիչ ազատ, casual ոճերը։ Բարձրակրունկներով երբեք չեմ գնացել համալսարան, դա ինձ համար մի փոքր ծիծաղելի է»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է համալսարան շպարված գնալուն՝ Հայկուհին ասաց․ «Լինում են դեպքեր, երբ շատ նուրբ, թեթև շպարով եմ գնում համալսարան, բայց  շատ արտահայտված դիմահարդարմանը, բնականաբար, դեմ եմ։ Առհասարակ շատ արտահայտիչ դիմահարդարմանը դեմ եմ»։  

ՀեղինակԶառա Ղազարյան

tert.am

Նմանատիպ գրառումներ