Առողջություն/Բժշկություն

Պաշտպանություն անցանկալի հղիությունից:


Անցանկալի հղիությունից պաշտպանվելու համար առաջարկվում են մի շարք մեթոդներ, որոնք տարբեր մեխանիզմներով խոչընդոտում են ձվաբջջի բեղնավորմանը: Հակաբեղնավորիչ մեթոդի արդյունավետության գնահատման համար օգտագործվում է Պերլի ինդեքսը, որը ցույց է տալիս, թե մեկ տարվա ընթացքում այս կամ այն մեթոդը կիրառող 100 կնոջից քանիսն են հղիացել: Չպաշտպանված հարաբերություններում Պերլի ինդեքսը տատանվում է 80-85 տոկոսի միջև, որքան ինդեքսը ցածր է, այնքան հակաբեղմնավորիչի արդյունավետությունը բարձր է:
mymed.am -ը հակաբեղնավորիչ միջոցները բաժանել է հետևյալ խմբերի՝
  • Բնական կամ ֆիզիոլոգիական
  • Մեխանիկական կամ պատնեշային
  • Դեղորայքային
  • Քիմիական
  • Ներարգանդային
  • Վիրաբուժական
Բնական միջոցները հիմնված են մարդու օրգանիզմի ֆիզիոլոգիական առանձնահատկությունների վրա
  1. Հաշվի է առնվում կնոջ դաշտանային ցիկլի պարբերականությունը և խորհուրդ չի տրվում չպաշտպանված (առանց պահպանակի) սեքսով զբաղվել «վտանգավոր» օրերին, այն է ձվազատման ժամանակ: Այս մեթոդը ունի իր թերությունները, քանի որ նույնիսկ առողջ կնոջ մոտ երբեմն հնարավոր են դաշտանային ցիկլի պարբերականության խախտումներ: Ամեն դեպքում այս մեթոդը կիրառելիս ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ (Պերլի ինդեքսը՝ 25-40):
  2. Մյուս բնական մեթոդը ընդհատված սեռական ակտն է, երբ սերմնաժայթքումը կատարվում է կնոջ սեռական օրգաններից դուրս: Այս մեթոդը նույնպես չի առանձնանում մեծ հավաստիությամբ և բացի այդ, ունի նաև որոշակի հոգեբանական բաղադրիչ՝ կապված ոչ լրիվ սեռական ակտի հետ (Պերլի ինդեքսը՝ 4-27):
  3. Հղիությունից հետո լակտացիայի (կաթնարտադրության) և կրծքով կերակրելու ժամանակահատվածում կնոջ օրգանիզմը մինչև 6 ամիսների ընթացքում կարող է պաշտպանված լինել կրկնակի հղիանալուց: Պետք է հաշվի առնել, որ հղիանալու հավանականությունը աստիճանաբար մեծանում է ծննդաբերությունից հետո (Պերլի ինդեքսը՝ 2-3):
Մեխանիկական միջոցները խոչընդոտում են ձվաբջջի և սպերմատազոիդների միացումը և հետևաբար բեղմնավորումը
  1. Ամենահայտնի մեխանիկական միջոցը պահպանակն է: Ընդ որում տարբերում են ինչպես տղամարդկանց (Պերլի ինդեքսը՝ 2-18), այնպես էլ կանանց (Պերլի ինդեքսը՝ 5-25)պահպանակներ:
  2. Արգանդային կափարիչը տեղադրվում է արգանդի վզիկի վրա և պատնեշ է ստեղծում դեպի արգանդ սերմի ներթափանցման ճանապարհին (Պերլի ինդեքսը՝ 9-20):
Քիմիական միջոցներ (կրեմներ, մոմիկներ, և այլն)
Այս միջոցները փոփոխում են արգանդի վզիկի լորձի բաղադրությունը և խոչընդոտում սպերմատազոիդների ներթափանցումը արգանդի խոռոչ կամ ունեն սպերմատոցիդ ազդեցություն, այսինքն ոչնչացնում են սպերմատազոիդները: Օգտագործվում են սեռական ակտից 10-15 րոպե առաջ (Պերլի ինդեքսը՝ 0.3-21):
Դեղորայքային միջոցներ
Դեղորայքային միջոցները հորմոնալ պրեպարատներ են, որոնք ազդում են տարբեր մեխանիզմներով: Դրանց ազդեցության հիմքում ընկած է կամ ձվազատման ընկճումը կամ սպերմատազոիդների դեպի արգանդ անցման խոչընդոտումը (Պերլի ինդեքսը՝ 0.1-0.9): Այս միջոցները շատ արդյունավետ են, սակայն ունեն մի շարք թերություններ և հակացուցումներ: Այս միջոցները պետք է կիրառել բացառապես բժշկի նշանակումով:
Ներարգանդային միջոցներ
Ներարգանդային միջոցներից առավել հայտնի է ներարգանդային պարույրը: Այս միջոցները չեն խոչընդոտում բեղնավորմանը, սակայն գրգռում են արգանդի լորձաթաղանթը և առաջացնում բեղնավորված ձվաբջջի ինքնաբուխ վիժեցում (միկրոաբորտ) հղիության առաջին շաբաթում՝ դրանով իսկ ընդհատելով հղիությունը: Ներարգանդային միջոցները նույնպես ունեն որոշակի հակացուցումներ և տեղադրվում են միայն բժշկական հաստատություններում` բժշկական ցուցումով:
Վիրաբուժական մեթոդներ
Վիրաբուժական մեթոդները ունեն գրեթե 100% արդյունավետություն, սակայն մեծամասամբ անդարձելի միջամտություններ են՝
  1. Տղամարդկանց ամլացում՝ վազէկտոմիա – վիրաբուժական ճանապարհով կապում են տղամարդու սերմնալարերը և դրանով խոչընդոտում սպերմատազոիդների անցումը դեպի սերմնահեղուկ:
  2. Կանանց ամլացում – վիրաբուժական միջամտությամբ փակվում են արգանդափողերը և հետևաբար խոչընդոտվում է դրանցով ձվաբջջի անցումը:
Հակաբեղնավորիչի ընտրությունը անհատական որոշում է` կախված զույգի նախընտրություններից և, որոշ դեպքերում, բժշկական ցուցումներից: Պատահական կապերի դեպքում ճիշտ է պահպանակի օգտագործումը, քանի որ բացի հակաբեղնավորիչ արդյունքից, դրանք պաշտպանում են նաև սեռավարակներից:

Առնչվող Հոդվածներ