Պուտինն ամանորյա շնորհավորական նամակ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամանորյա շնորհավորական ուղերձներ է հղել մի շարք երկրների ղեկավարների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, փոխանցում է Կրեմի պաշտոնական կայքը:

Նամակում ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են բազմադարյա բարեկամության, մշակութային ու հոգևոր կապվածության հիմքերի վրա: Պուտինը վստահություն է հայտնել առկա դաշնակցային կապերի, կառուցողական համագործակցության ու ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում գործընկերային փոխգործակցության է՛լ ավելի ամրացման առումով՝ շեշտելով, որ դա բխում է երկու եղբայրական ժողովուրդների շահերից ու համահունչ է տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման ձգտմանը:

Նշենք, որ Պուտինը շնորհավորական նամակներ է հղել նաև ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Բրազիլիայի, Արգենտինայի և մի շարք այլ երկրների առաջնորդներին ու Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինին:

Նմանատիպ գրառումներ