Ռազմական Ոստիկանությունը բացահայտել է բժշկական փաստաթղթերի կեղծմամբ զորակոչից խուսափելու 2 դեպք:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները, հավատարիմ մնալով որդեգրած քաղաքականությանը և կոռուպցիայի դեմ ուղղված անհանդուրժողական պայքարին, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում բացահայտել են բժշկական փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու ճանապարհով ժամկետային
զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու երկու դեպք:

Զորակոչից խուսափելու նպատակով քաղաքացի Գ.Ա-ն և Վ.Մ-ն ձեռք են բերել իրենց առողջական վիճակին ակնհայտորեն չհամապատասխանող ախտորոշումով եզրակացություններ:

Հաստատապես իմանալով, որ դրանք հանդիսանում են կեղծ փաստաթղթեր, ներկայացրել են կենտրոնական բժշկական հանձնաժողովին, որի արդյունքում ճանաչվել են զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվել են պահեստազորում՝ խուսափելով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից:

Հարցաքննության են հրավիրվել համապատասխան զինկոմիսարիատի, բժշկական հաստատությունների և կենտրոնական բժշկական հանձնաժողովի մի շարք աշխատակիցներ:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական
հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) և 376-րդ հոդվածի 1-ին մասի (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) հատկանիշներով հարուցվել է երկու քրեական գործ, իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ:

Քաղաքացի Գ.Ա-ն կալանավորվել է:

ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ