Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննել հրաժարված դատավորներից մեկը նկատողություն ստացավ:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Նելլի Բաղդասարյանի և Հարություն Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի 2019 թ. փետրվարի 11-ի որոշումներով: Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից ներկայացրած հաղորդումը՝ դատավորների վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ:

Հարուցված կարգապահական վարույթների արդյունքներով Կարգապահական հարցերի հանձնաժողովը 2019 թ. մարտի 25-ին որոշում է կայացրել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություններ ներկայացնելու մասին:

Դատավոր Նելլի Բաղդասարյանին առնչվող որոշմամբ արձանագրվել է, որ թիվ ԵԴ/0743/06/18 քրեական գործով ինքնաբացարկ հայտնելու որոշումը կայացնելիս դատավորի կողմից չեն պահպանվել «ՀՀ դատական օրենսգիրք» սահամանդրական օրենքի պահանջները, ինքնաբացարկի որոշումը կայացվել է ոչ թե նշված օրենքով նախատեսված՝ ինքնաբացարկի հիմք հանդիսացող որևէ հանգամանքի առկայության պարագայում, այլ մեղադրանքի կողմից չհիմնավորված կասկածները փարատելու պատճառաբանությամբ:Հանձնաժողովը գտել է, որ դատավոր Նելլի Բաղդասարյանը թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնի կոպիտ խախտում:

Դատավոր Հարություն Մանուկյանի առնչությամբ վարույթ հարուցած մարմինն արձանագրել է, որ Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման 2-րդ հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ դատավորի անաշխատունակության հետևանքով տևական ժամանակով (20 օր և ավելի) բացակայելու, դատավորի արձակուրդում գտնվելու դեպքերում, դատավորի անաշխատունակության հետևանքով տևական ժամանակով բացակայող կամ արձակուրդում գտնվող դատավորին հանձնված (դեռևս վարույթ ընդունելու հարցը չլուծված, վարույթ ընդունված) գործերի վերաբաշխման անհրաժեշտության հարցը որոշում է համապատասխան դատարանի նախագահը:Հանձնաժողովն արձանագրել է, որ, ելնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի և Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշմամբ սահմանված՝ դատավորների միջև գործերի վերաբաշխման իրավակարգավորումներից, դատավորի կարճատև առողջական խնդիրների հետ կապված դատավորին մակագրված դատական գործերը վերադարձնելու ընթացակարգ սահմանված չէ, հետևաբար՝ դատավոր Հ. Մանուկյանն իրեն մակագրված թիվ ԵԴ/0743/06/18 և թիվ ԵԴ/0598/06/18 դատական գործերը տվյալ դեպքում իրավասու չէր վերադարձնել: Հանձնաժողովը գտել է, որ դատավոր Հ. Մանուկյանը չի իրականացրել օրենքով իրեն վերապահված լիազորությունները` թույլ տալով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված դատավորի վարքագծի կանոնի կոպիտ խախտում:

Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ն. Բաղդասարյանին և Հ. Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունները, 2019 թ. մայիսի 8-ին կայացրած որոշումներով բավարարեց Հանձնաժողովի միջնորդությունները և ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 149 հոդվածի պահանջներով դատավոր Ն. Բաղդասարյանին հայտարարեց նկատողություն, իսկ դատավոր Հ. Մանուկյանին՝ նախազգուշացում:

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն.

Նմանատիպ գրառումներ