Ռոբոտներից մինչև ԱԹՍ-ներ. հայ ուսանողները WCIT-ի հյուրերին կզարմացնեն իրենց նորարարություններով

Հայաստանցի ուսանողներն ու աշակերտները WCIT 2019-ի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում աշխարհի 70 երկրներից եկած ավելի քան 2500 մասնակիցներին ու հեղինակավոր հյուրերին կզարմացնեն իրենց ստեղծած ռոբոտներով, անօդաչու թռչող սարքերով, կառավարվող պրոթեզներով և նորարարական այլ աշխատանքներով: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի օգնական Արման Անդրիկյանը պատմեց համաժողովի շրջանակում անցկացվելիք էքսպոյում ի դեմս նախարարության՝ Հայաստանի Հանրապետության տաղավարում սպասվող հետաքրքիր ցուցադրությունների մասին:

«Մեկ տաղավարի շուրջ ներկայացված են լինելու մի քանի կրթական կազմակերպություններ՝ «Թումո»-ն, «Արմաթ»-ը, «Այբ»-ը, Երևանի պետական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Երևանի պետական բժշկական համալսարանը, Դիլիջանի միջազգային դպրոցը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը, և «Ֆաբլաբ»-ը: Նպատակն այն է, որ բոլոր կրթական ծրագրերը համախմբենք մեկ տաղավարի շուրջ և ցույց տանք մեր աշակերտների, ուսանողների աշխատանքները»,-ասաց Անդրիկյանը:

Տաղավարում սպասվում են բավականին հետաքրքիր ցուցադրություններ,  ցուցադրվելիք գրեթե բոլոր աշխատանքներն ուսանողներինն ու աշակերտներինն են: ԵՊՀ-ն կներկայացնի թռչող անօդաչու սարքերը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ ուսանողների ստեղծած ռոբոտները, որոնք կարողանում են մտնել ցանկացած խողովակի մեջ և նկարել: Բժշկական համալսարանն ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հյուրերին կզարմացնեն համատեղ ստեղծած պրոթեզով՝ արհեստական ձեռքով, որը կառավարվում է մարդու կողմից: Ցուցադրվելիք այլ հետաքրքիր աշխատանքների վերաբերյալ փակագծերն Անդրիկյանը չբացեց:

Տաղավարում լեդ էկրանի և լեդ սեղանիկների միջոցով կներկայացվեն նաև ռոբոտների գործառույթները: «Այս ամենով աշխարհին ուզում ենք ցույց տալ, որ IT ոլորտում բավականին հաջողություններ ունենք և դեռ գրանցելու ենք»,-նշեց Անդրիկյանը։

ՏՏ համաշխարհային համաժողովն անցկացվելու է Երևանում՝ Մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 6-9-ը:

Նմանատիպ գրառումներ