Ռուսաստանը մտադիր է ստեղծել Wikipedia առցանց հանրագիտարանի իր տարբերակը:

Ռուսաստանում կարող է հայտնվել Wikipedia առցանց հանրագիտարանի նմանօրինակը, որը կստեղծվի Ռուսական մեծ հանրագիտարանի հիման վրա: Նախաձեռնության ֆինանսավորման ծրագիրը մշակել է ՌԴ կապի և հաղորդակցության նախարարությունը, գրում է life.ru-ն:

Հարթակի ստեղծման մասին խոսվել էր դեռևս 3 տարի առաջ: 2016թ.-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարգադրել էր ռեսուրսների մշակման նպատակով աշխատանքային խումբ ստեղծել, որի կազմում 21 մարդ էր ներառվել:

Կապի և հաղորդակցության նախարարության փաստաթղթի համաձայն՝ Wikipedia-ի ռուսական տարբերակի ստեղծման համար նպաստներ կհատկացվեն, որոնք կծախսվեն տարածքի վարձակալության և ծրագրի մշակման, ինչպես նաև վճարովի գրականությանը, լրատվամիջոցներին ու առցանց ռեսուրսներին բաժանորդագրվելու համար:

Դրամական միջոցները կհատկացվեն նաև մշակութային նշանակություն ունեցող օբյեկտների լուսանկարման, արխիվային նյութերին մուտք գործելու և ծրագրային ապահովման համար:

Նպաստների չափն ու ծրագրի իրագործման ժամկետները չեն հստակեցվում:

Նմանատիպ գրառումներ