Ռուսաստանի խանութներում վճարման նոր մեխանիզմ կներդրվի:

ՌԴ Կենտրոնական բանկի կողմից ստեղծվող Արագ փոխանցումների համակարգը (ԱՓՀ) առեւտրային կետերում վճարման հավելյալ հնարավորություն կընձեռնի:

Խանութում ԱՓՀ-ի միջոցով վճարելու դեպքում QR-կոդի օգնությամբ տեղի կունենա միջոցների ուղիղ գանձում գնորդի հաշվից առեւտրային կետի հաշվին:

Ամենապարզ տարբերակն այն է, որ գնորդը մոբայլ հավելվածի միջոցով սքանավորում է QR-կոդով պիտակը, որում առկա են վաճառողի հաշվի ռեկվիզիտները: Գնորդը ներմուծում է ապրանքի գումարը եւ հաստատում միջոցների դուրսգրումը, ԱՓՀ-ն մշակում է գործարքը եւ փոխանցում գումարը խանութի հաշվին, իսկ վաճառողը ստանում է ծանուցում գումարի մուտքագրման մասին:

Բերվում է նաեւ ուրիշ տարբերակ. դրամարկղի վրա լուսավորվում է դինամիկ QR-կոդը, գնորդն այն սքանավորում է ու հաստատում վճարումը: Այդպես են աշխատում, մասնավորապես, չինական Alipay-ն ու WeChat Pay-ը:

Փորձագետների կարծիքով՝ QR-կոդով վճարումը քարտերով գործարքից ավելի մատչելի կլինի, առնվազն չեն լինի քարտի թողարկման ծախսերը: Ակնկալվում է, որ որոշակի միջնորդավճարներ առեւտրային կետերի համար, այնուամենայնիվ, կմնան, բայց դրանք ավելի ցածր կլինեն: Կվերանա նաեւ «էկվայեր բանկ» հասկացությունը՝ վերջինիս դերում հանդես կգա այն բանկը, որի հաշվարկային սպասարկման վրա է խանութը:

ՌԴ Կենտրոնական բանկը նախատեսում է, որ ԱՓՀ-ի միջոցով իրավաբանական անձանց հասցեին վճարումը կգործարկվի 2019թ. երկրորդ կեսին:

 

Նմանատիպ գրառումներ