Ռուսաստանն առաջին անգամ ամերիկացի տեսուչներին է ներկայացրել «գերհզոր զենքը»

ՌԴ պաշտպանության նախարարությունն ամերիկացի տեսուչներին է ներկայացրել հիպերձայնային մանևրող բլոկով «Ավանգարդ» հրթիռային համակարգերը, որոնց մասին խոսել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2018 թվականի մարտին՝ Դաշնային խորհրդին ուղղված ուղերձի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է lenta.ru կայքը:

Զինատեսակի ցուցադրությունը կայացել է 2010 թվականի ապրիլին Մոսկվայի և Վաշինգտոնի միջև կնքված Ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակմանն ու հետագա կրճատմանն ուղղված միջոցառումների մասին պայմանագրի շրջանակում:

ՌԴ պաշտպանության նախարարությունում նշել են, որ ցուցադրությունը կազմակերպվել է համաձայնագրի արդյունավետությունն ու կենսունակությունը պահպանելու նպատակով:

2018 թվականի մարտին Վլադիմիր Պուտինը, պատմելով «Ավանգարդ»-ի մասին, հայտարարել էր, որ համակարգի մարտական բլոկն ունակ է թռչել ձայնի արագությունից 20 անգամ բարձր արագությամբ, «նա գնում է դեպի թիրախն ինչպես երկնաքար, ինչպես հրե գունդ, որի ջերմությունը կազմում է 1600-2000 աստիճան՝ ըստ Ցելսիուսի»:

Համաձայն ռուս-ամերիկյան համաձայնագրի՝ կողմերը պարտավոր են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների, սուզանավերի բալիստիկ հրթիռների, ինչպես նաև ռազմավարական ծանր ռմբակոծիչների քանակը կրճատել մինչև 700 միավոր:

Նմանատիպ գրառումներ