Ռոք-համերգ մեկ ընտանիքի համար` Սիսիանի սարերում:

Օգոստոսի 25-ից սեպտեմբերի 9-ը Նկարիչների միությունում գործում էր լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի ցուցահանդեսը, որն այս տարվա կարեւոր մշակութային միջոցառումներից մեկը դարձավ:

Փարիզ գործուղման մեկնելիս՝ Գագիկ Հարությունյանը, Հեմինգուեյի «Տոն, որը միշտ քեզ հետ է» վեպի հիշողությամբ, որոշել էր մի տեղ նստել, սուրճ խմել: «Սովետական տուրիստը փող չուներ, խնայողություններս էի պահել»,- հիշում է: Վազքը շատ էր, չհասցրեց «զգալ» Փարիզը:

Խորհրդային տարիներին ԱՕԿՍ-ում՝ Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությունում աշխատանքը Գագիկ Հարությունյանին հնարավորություն էր տվել շրջել աշխարհով:  Խորհրդային միության, եվրոպական, աֆրիկյան երկրները տեսնելուց հետո եզրակացրեց՝ ամեն տեղ նույն մարդն է՝ իր արատներով ու առաքինություններով, միայն որոշ արտաքին «աննմանություններ» կան:

«Ինձ ինչ տվել է, այս երկիրն է տվել՝ Հայաստանում շրջելը, մարդկանց հետ զրուցելը»,-ասում է լուսանկարիչը:

Այդ շրջագայություններից մեկի ժամանակ էլ ներկա է գտնվում գյուղական rոք-համերգին:

«Խորհրդային տարիներին գոյություն ունեին խմբեր, որոնց, կարծեմ, ագիտբրիգադ էին ասում: Այդ խմբերը գնում էին գյուղեր՝ համերգների: Այս նկարն արել եմ Սիսիանի արոտավայրերից մեկում:

Լավ չեմ հիշում՝ ինչ էի նկարում, մեկ էլ կիթառի ուժեղ ձայն եկավ, բարձրախոսները պայթում էին, այն էլ՝ սարերում: Ամեն ինչ թողեցի, վազեցի: Խումբը եկել էր, որ սարերում կով պահող, կով կթող չարքաշ ժողովրդին ուրախացներ: Մի ընտանիք էր նստած՝ 5-6 մարդ: Փոխանակ մի երգիչ բերեին, ռոք-խումբ էին բերել. նրանք ուր, ռոք խումբն ուր…Բայց նստեցին, լսեցին՝ սպասելով, որ հետո ինչ-որ երգ պատվիրեն»:

Լուսինե Ղարիբյան

mediamax.am

Նմանատիպ գրառումներ