ՍԴ-ն մասամբ վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի դիմումը:

Սահմանադրական դատարանը երեկ վարույթ է ընդունել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով՝300.1 հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու մասով։ 

ՍԴ որոշման մեջ ասվում է.

Հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը և 169-րդ հոդվածի 4-րդ մասը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, 71-րդ հոդվածի` Սահմանադրական դատարանը որոշեց.

1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի (ԵԴ/0253/01/19 քրեական գործով) հիման վրա գործի քննությունը՝ ա) Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, մերժել,

բ) Սահմանադրության 56.1-րդ և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում մեկնաբանելու մասով, մերժել,

գ) Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, ընդունել քննության:

2. Գործի դատաքննությունն սկսել 2019 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 10.00-ին:

3. Գործով զեկուցողներ նշանակել Սահմանադրական դատարանի դատավորներ Ա. Գյուլումյանին, Ա. Դիլանյանին, Ֆ. Թոխյանին, Ա. Թունյանին, Ա. Խաչատրյանին, Հ. Նազարյանին, Ա. Պետրոսյանին:

4. Գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով:

5. Գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել վիճարկվող օրենսգիրքն ընդունած մարմնին` Ազգային ժողովին»:

ՍԴ որոշումն ամբողջությամբ՝ այստեղ:

Նմանատիպ գրառումներ