«Սեքսուալությունը կարևոր է, իսկ վուլգարությունն ատում եմ». Արամ Նիկոլյանը` Սրբուկի հագուստի և բեմական ելույթի համար ընտրված look–ի մասին

«Եվրատեսիլ 2019»–ին Հայաստանի պատվիրակ Սրբուկի look-երի շուրջ քննարկումները սկսվեցին մրցույթի առաջին փորձից հետո։ Փորձեից հետո քննարկումներ սկսվեցին` Սրբուկը «Եվրատեսիլին» կներկայանա փորձի նույն զգեստով, ինչպես նախորդ տարվա մասնակիցները, թե՞ ոչ։

Tert.am Life-ը պարզել է՝ Սրբուկն իր ելույթի օրը բեմ կբարձրանա փորձին ներկայացած հագուստով, որի դիզայներն Արամ Նիկոլյանն է։ Դիզայների խոսքով` հագուստի նախնական երկու տարբերակ է եղել, հաշվի առնելով երգչուհու հարմարավետությունը, ընտրվել է պիջակի և երկարաճիտ կոշիկների համադրությունը։

«Իրականում ես ունեի նախընտրելի զգեստ՝ դիզայներական հետաքրքիր լուծումներով, որը ստեղծել էի անկախ մյուսների ցանկությունից։ Սակայն ընտրությունը կանգ առավ այս մի տարբերակի վրա, որովհետև մյուս զգեստը Սրբուկին հարմար չէր, իսկ իր համար առաջնայինը հարմարավետություն էր, որպեսզի ելույթի ժամանակ բեմում ոչինչ չխանգարի իրեն։ Այն, ինչ ես մտածել էի, սահմանափակում էր իր շարժումները։ Ես ոչինչ չունեի անելու, քան ստեղծել այս տարբերակը, որով իր համար հարմարավետ կլիներ»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դիզայները:

Կերպարը ստեղծելիս հիմնական շեշտադրումն արված է Սրբուկին առավել ուժեղ ներկայացնելու վրա։ Դիզայների կարծիքով` կամային կնոջ մասին պատմող երգին համահունչ էր տղամարդու պահարանից վերցված պիջակը։

«Դիզայներական բումային լուծում չկա։ Ուշադիր նայելիս կհասկանան, որ դասական պիջակ է։ Կար խնդիր՝ ստանալ տղամարդու պիջակ, որը Սրբուկին կտար «բրուտալ՞ տեսք, մենք այն ստացել ենք։ Ինչ վերաբերում է կրկնօրինակմանը, այն սովորական oversize պիջակ է։ Ցանկացածն էլ իր հայրիկի պահարանում կարող է գտնել նույն պիջակից»,– ասաց Արամը։

Առաջին փորձից հետո ուշադրության կենտրոնում հայտնվեց պիջակ-զգեստի հետ երկարաճիտ կոշիկների համադրությունը։

«Մեր հասարակությունը շատ է սիրում վատաբանել՝ չնայելով այդ ամենն ամբողջական կերպարի մեջ։ Այսինքն` վերցնում են «բոտֆորտների» միայն անունը և, դրանք ասոցացնելով անբարո կանանց հետ, սկսում են քննադատել։ Մինչդեռ կարելի էր այդ ամենն ուղղակի դիտարկել որպես ամբողջական look։ Լսել եմ, որ անգամ համեմատել են «Սիրունիկը» ֆիլմի հերոսուհու հետ, ինչն ինձ համար աբսուրդային է։ Վերցրել են ընդհանուր կերպարից մի բան և ասում են, որ հայեցի չէ, պիտակավորում են։ Գուցե «բոտֆորտները» չլինեին՝ տեսքը վուլգար ստացվեր։ Իսկապես, սա մեր հասարակության աբսուրդ մտածելակերպից է, և խոսքը միայն այս դեպքի մասին չէ»,- ասաց Արամը՝ հավելելով, որ առաջարկում է երգչուհու ելույթն ու կերպարն ընկալել ամբողջովին՝ առանց առանձին-առանձին դետալները քննարկելու։

Սրբուկի կերպարներն աչքի են ընկնում սեքսուալությամբ, ինչն էլ համացանցային քննարկումների առիթ է տվել։ Արամի խոսքով` դա յուրաքանչյուր կերպարի գրավականն է։

«Ցանկացած զգեստ ստեղծելիս սեքսուալությունն ինձ համար շատ կարևոր է, այնպես, ինչպես ճաշի մեջ համեմունքն է։ Սեքսուալությունը չափի մեջ պահելը՝ հագուստի և, առհասարակ, կերպարի գրավականն է։ Ես ատում եմ վուլգարությունը, իմ ոչ մի աշխատանքի մեջ վուլգարության անգամ փոքր նշույլ չկա։ Ինքս Ֆեյսբուքում էջ չունեմ և հիմնականում չգիտեմ` ինչ են գրում ու քննարկում, բայց այդ բացասականն ինձ, որպես հայ մարդու, սպանում է։ Ինչո՞ւ է պետք խոսել, օրինակ, «բոտֆորտի» մասին՝ թողնելով լիքը այլ կարևոր բաներ։ Մի դետալի վրա կենտրոնանում են, թե հայեցի չէ և վերջ»,- շեշտեց Արամը։

Ինչ վերաբերում է «Եվրատեսիլի» բացման արարողության ժամանակ Սրբուկի կոստյումի` լայն քննարկումների առաևկա դառնալուն` դիզայների խոսքով` ծիծաղելի է  Սրբուկի սպիտակ կոստյումը քննարկել միայն նրա համար, որ այն ունի լայն բացվածք։

tert.am

Նմանատիպ գրառումներ