Սորոսի առաջին լուրջ «հաղթանակը» Հայաստանում. օգնության դիմաց՝ Ստամբուլի կոնվենցիա՞

Հայաստանի իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում կանանց և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման մասին Եվրոպայի Խորհրդի կոնվենցիայի հապշտապ վավերացման համար, որը հայտնի է նաև որպես Ստամբուլի կոնվենցիա։ Ծայրահեղ կասկածելի փաստաթուղթ, իբր ուղղված կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին, իսկ իրականում միանգամայն այլ նպատակներ քողարկող, որոնք պարտադիր օրենսդրական ամրագրումով հասարակական գիտակցության մեջ են մտցվում «սորոսյան կադրերի» կողմից։ Նպատակներից մեկն է՝ օրենսդրական շրջանառության մեջ մտցնել «գենդեր» հասկացությունը և դրա համատեքստում՝ «երրորդ սեռ» հասկացությունը։
Անցած տարի ԵՄ-ի միանգամից երեք անդամներ՝ Բուլղարիան, Սլովակիան և Լատվիան, հրաժարվեցին վավերացնել Ստամբուլի կոնվենցիան։ Բոլորի հիմնավորումը նույնն է. կոնվենցիայով սահմանվող «երրորդ սեռ» հասկացությունը զգաստացնում և մտահոգում է, փաստաթղթում արտացոլված կետերով սպառնալիքի տակ է դրվում ավանդական ընտանիքը՝ որպես տղամարդու և կնոջ միություն։ Բուլղարիայում ծայրաստիճան կտրուկ հանդես եկավ եկեղեցին։ Բուլղարիայի Ուղղափառ Եկեղեցու Սրբազան սինոդը հայտարարեց, որ փաստաթուղթը սահմանում է հասկացություններ, որոնք հակասում են ուղղափառ հավատքին, բուլղարական ավանդույթներին և իրավական համակարգին։ Հայաստանի Հանրապետության սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետն ասում է. «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»։ Այսպիսով, եթե Հայաստանը վավերացնի Ստամբուլի կոնվենցիան, ապա դրա նորմերը կդառնան գերակայություն։ Եվ հաջորդ քայլով հարկ կլինի փոխել ներքին օրենսդրությունը, համապատասխանեցնելով կոնվենցիայի դրույթներին։ Այդժամ ավանդական ընտանիքի փլուզման ուղղին կունենա իրավական ամրագրում՝ ի դեմս միասեռ ամուսնությունների լեգալացման, միասեռ հարաբերությունների՝ օրենքով թույլատրված քարոզչության և այլն:
Իսկ ի՞նչ է անում մեր Կառավարությունը: Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման առաջամարտիկը մեր երկրում, որքան էլ զարմանալի չէ՝ սեքսի մեծ գիտակ սոցապ նախարարն է, ում, ըստ տրամաբանության, լրիվ այլ աշխատանքային գործառույթներ են վերահապված: Բայց վերջինս անդավաճան մնալով պատվիրատուներին՝ նշանակման առաջին իսկ օրվանից մաքառում է, ոչ թե օրինակ՝ կենսաթոշակների ավելացման, քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության մակարդակի ավելացման, այլ սույն կոնվենցիայի վավերացման համար: Վերջերս նրան միացավ ևս մեկ «սորոսական կադր» ՝ «բանակից թռնելու նուրբ արվեստը»  յուրացրած, չստացված թենիսիստ՝ Արդարադատության նոր նախարարը, ով հարցազրույցներից մեկում այս կոնվենցիայի վավերացումը համարել է հրատապ: Հարց է առաջանում՝ ո՞ւմ համար հրատապ, եթե հանրության, ապա այդ հանրությունը այսքան ժամանակ մի կերպ «յոլա է գնացել» նաև առանց երրորդ սեռերի և Ստամբուլյան կոնվենցիայի:Իսկ Փաշինյանի «սորոսական կառավարությունը» կարծես թե այլևս ի վիճակի չէ «յոլա գնալ»՝ պարտադրում են: Ո՞վ՝ արևմուտքը, որն հեղափոխության հաղթանակի մեջ ունեցած իր համեստ լումայի դիմաց այժմ քերում է Փաշինյանի կառավարությանը, այդ թվում՝ ստիպելով գնալ նման հակապետական քայլերի: Արդարադատության նախկին նախարար Զեյնալյանի հեռանալը, ըստ էության, պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ ներկայիս կառավարությունը դեռ շատ նման կոնվենցիաներ է ստիպված լինելու ընդունել, իսկ պատերազմ անցած մարդու թասիբը դժվար թույլ տար Զեյնալյանին, ով իր արժեհամակարգով նաև շատ էր տարբերվում «սորոսի վկաներից», գնալ նման քայլերի:
Եթե Փաշինյանը ոչ թե սոսկ խոսքով, այլ իրականում մեր ազգային ավանդական արժեքների կրողը լիներ, իր ու իր քաղաքական թիմի համար ազգային ու հոգևոր արժեհամակարգը թեկուզ լումայի արժեք ունենար, ապա Բաթոյանի հիշյալ հայտարարության փոխարեն մենք պետք է տեղեկանայինք ՀՀ կառավարության հայտարարության մասին, որ հրաժարվում է 12 մլն եվրոյի մնացյալ մասը վերցնելուց (եթե չենք սխալվում, այդ գումարն ամբողջությամբ դեռ չի տրվել) և «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» բյուջետային աջակցության համաձայնագրով նախատեսված Հայաստանի պարտավորությունների մնացյալ մասի կատարումից:

Նմանատիպ գրառումներ