Վրաստանի պատրիարքին մեղադրել են արվամոլության մեջ:

Նոյեմբերի 1-ին Վրաստանի պատրիարքարանը հրապարակեց հոկտեմբերի 31-ի՝ Սուրբ Սինոդի ժողովի արձանագրությունը, որում նշվում են Սինոդի արտակարգ ժողովի ընթացքում ընդունված բոլոր որոշումները: Ժողովը նախագահել է Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Regnum.ru-ն:

Եկեղեցու ներկայացուցիչների տեղեկացմամբ՝ արտակարգ ժողովը գումարվել է՝  քննարկելու համար Վրացական ուղղափառ եկեղեցու վերաբերմունքը արքեպիսկոպոս Յակոբի (Յակոբաշվիլի) հրապարակային ելույթների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում արքեպիսկոպոսը ափսոսանք է հայտնել իր՝ ավելի վաղ ասածների համար, և Սինոդը որոշել է այս պահի դրությամբ սահմանափակվել արքեպիսկոպոսի նախազգուշացմամբ:

Սինոդի մեկ այլ կարևոր որոշմամբ նախագահին ուղղված խնդրագիր է ընդունվել ավագ երեց Գեորգի Մամալաձեի ներման մասին, որի ընտանիքը գտնվում է ծանր իրավիճակում: 2017-ի գարնանը քահանան դատապարտվել է 9 տարի ազատազրկման պատրիարքի քարտուղարի օգնականի սպանությունը նախապատրաստելու համար:

Սինոդի անդամները նաև մեծապես դժգոհ են եղել միտրոպոլիտ Պետրեի՝  բազմիցս հնչեցրած վիրավորական արտահայտություններից՝ ուղղված կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդին և Սուրբ Սինոդին: Այն բանից հետո, երբ նա իրեն մեղավոր չի ճանաչել և չի համաձայնել Սինոդի՝ ապաշխարության կոչին, նա վտարվել է թեմից ու Սուրբ Սինոդի անդամությունից և ապաշխարության է ուղարկվել վանք:

Regnum.ru-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ միտրոպոլիտ Պետրեն պատրիարքին մեղադրել էր արվամոլության մեջ:

Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հոկտեմբերի 31-ին սոցիալական ցանցերում տեսաուղերձ է հրապարակել, որում մեկնաբանել է վրացական եկեղեցում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:

Նախկին նախագահի խոսքով՝ հարց է ծագում՝ ո՞վ է մեղավոր վերջին եկեղեցական սկանդալների համար: Ըստ նրա՝ այս իրադարձությունները իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի գործունեության արդյունք են: Սաակաշվիլին մատնանշում է այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը. «Հեռացրեք օլիգարխիան իշխանությունից: Սա Վրաստանը փրկելու միակ բաղադրատոմսն է»:

Նմանատիպ գրառումներ