Տգետներ են, կամ խառնակիչներ, ես նույնիսկ սովետական քաղաքացիություն չեմ ունեցել. Զարեհ Սինանյան

Սփյուռքը շատ ավելին է, քան բարեգործության ակունք, շատ ավելի մեծ պոտենցիալ է ներկայացնում Հայաստանի համար, եւ Հայաստանն էլ պետք է օգնի Սփյուռքին ավելի երկար կյանք ունենալու գործում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Հայաստան-Սփյուռք հարաբերությունները չպետք է հիմնված լինեն զուտ դրամահավաքի սկզբունքի վրա, այլ երկկողմանի հարգանքի վրա, որովհետեւ Սփյուռքը շատ ավելին է, քան բարեգործության ակունք, շատ ավելի մեծ պոտենցիալ է ներկայացնում Հայաստանի համար եւ Հայաստանն էլ պետք է օգնի Սփյուռքին ավելի երկար կյանք ունենալու գործում»,– նշեց նա։

Սինանյանի խոսքով՝ Սփյուռքում դրամահավաքներ իրականացնող հիմնադրամները շատ կարեւոր աշխատանք են տանում, «այլ հարց է, որ նրանց աշխատանքը պետք է լինի ավելի կոորդինացված»։ 

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գլխավոր խնդիրը Սփյուռքի հետ հարաբերություններում պետք է լինի մեծ հայրենադարձությունը, ինքն էլ մի առիթով հայտարարել է, որ, օրինակ, Գլենդելի բոլոր հայերը հազիվ թե վերադառնան հայրենիք, Սինանյանն արձագանքեց.  «Մեծ հայրենադարձության խնդիր դրված է Հայաստանի առջեւ պատմության կողմից, դա պարզապես անհրաժեշտություն է, պարտադիր է, այլ հարց , որ մեծ հայրենադարձություն չի նշանակում, որ բոլորը գան, իմ կարծիքով՝ դրա անհրաժեշտությունը չկա էլ, որ բոլորը գան, պետք է, որ շատերը գան, իսկ շատերի գալու համար պետք է նախապայմաններ ստեղծել»։

Հարցին, թե ինչպես է աշխատելու, օրինակ, ՍԴՀԿ–ի հետ, որը  վերապահություն էր հայտնել իր նշանակման հետ կապված՝ նշելով, որ ինքը Դաշնակցության շահերն է սպասարկել, Սինանյանը պատասխանեց.  «Իրենք շատ փոքրիկ խումբ են եւ իրավունք ունեն կարծիք հայտնելու, ես 6.5 տարի քաղաքային խորհրդի անդամ եմ եղել, 2 անգամ քաղաքապետ եմ եղել, եւ միշտ ներկայացրել եմ քաղաքի բնակիչների շահերը, իսկ իրենց հետ համագործակցելու եմ այնքանով, որքանով համագործակցում են եւ համագործակցության հնարավորություն ունեն Հայաստանի Հանրապետության հետ առանց խտրականության»։

Պնդումներին, թե ինքը հրաժարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, եւ ընդունել  ԱՄՆ քաղաքացիություն, ինչը որոշակի հարցեր է առաջացնում, նա պատասխանեց. «Անգրագետ մարդկանց տեղեկացնեմ, որ ես 14 տարեկան հասակում հեռացել եմ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունից, այսինքն՝ ես նույնիսկ ՀԽՍՀ քաղաքացիություն չեմ ունեցել, հետեւաբար դա ասող մարդիկ կամ տգետներ են, կամ խառնակիչներ»։

Սինանյանը նշեց, որ Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակը սկսել է նաեւ պրակտիկանտների հավաքագրումը. «Փորձում ենք կենտրոնանալ  սփյուռքահայերի վրա, արդեն իսկ նրանցից մեկը սկսել է պրակտիկան»։

Նա տեղեկացրեց, որ իր առաջին հանդիպումը լինելու է Ռուսաստանում հայ համայնքի հետ. «Կենտրոնանալու եմ նախեւառաջ Ռուսաստանի հայ համայնքի վրա, որովհետեւ այն ամենամեծն է, ընդհանուր մշակութային տարածքի մեջ է գտնվում, եւ հսկայական ներուժ է ներկայացնում, չեմ վախենում ասել՝ նախկինում  քիչ ուշադրություն են դարձել այս համայնքին, շատ կարեւոր է առավելագույն ձեւով կապել հայրենիքին, եթե կարողանանք օգնել իրենց ինքնակազմակերպվել, դա էլ անենք, առաջին այցս սկսվելու է հուլիսի 18-ին»։

Հարցին՝ երկար տարիներ ԱՄՆ–ում բնակվելու հանգամանքը չի՞ խանգարի ՌԴ–ում հայ համայնքի հետ աշխատանքներին, Սինանյանը պատասխանեց.  «Ես ծնվել եմ ԽՍՀՄ–ում, մեծացել եմ այնպիսի միջավայրում, որտեղ ռուսական մշակույթը խորթ չի եղել , այլ, ընդհակառակը, այն ժամանակ ռուսական մշակույթը շատ ավելի ներկա էր միջին հայի կյանքում, լավ տիրապետում եմ ռուսերենին, հասկանում եմ ռուսական մշակույթը, այո, բնակվել եմ ԱՄՆ–ում, բայց չեմ կարծում, որ դա որեւէ կերպ խանգարում է իմ կարողություններին աշխատել ՌԴ հայ համայնքի հետ»։

Նմանատիպ գրառումներ