«Տեսահոլովակը նկարահանել ենք Էլվիս Փրեսլիի նախկին առանձնատանը». Լիլուն` Արմենչիկի հետ զուգերգի, ամերիկյան կյանքի և որդու մասին

Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ երգիչ Արմենչիկն ու երգչուհի Լիլուն զուգերգ ունեն, որի հիման վրա ԱՄՆ–ում տեսահոլովակ են նկարահանել։ Համագործակցության առաջին մանրամասները Լիլուն պատմել է Tert.am Life–ին ու տրամադրել չհրապարակված լուսանկարներ  նկարահանման հրապարակից։

Լիլուի խոսքով` զուգերգով ներկայանալու ցանկություն վաղուց ուներ։ Կորպորատիվ երեկույթների ամենասպասված երգիչներից մեկը` Արմենչիկը, ըստ երգչուհու, սիրով է ընդունել համագործակցելու իր առաջարկը։

«Ընտրեցի Արմենչիկին, որովհետև նա իմ ամենասիրելի արտիստներից  մեկն է։ Շատ եմ սիրում իր երգերը։ Նա ժողովրդի կողմից սիրված լավագույն արտիստներից է,– ասաց նա ու հավելեց, որ նկարահանումներն անցել են շատ լավ միջավայրում,– թեթև, հրաշալի նկարահանումներ էին։ Արմենչիկը ոչ միայն լավ երգիչ է, այլև շատ լավ մարդ, որը հրաշալի հումորի զգացում ունի։ Ինձ համար մեծ բավականություն ու պատիվ էր աշխատել նրա հետ»։

Զուգերգի հեղինակն Արամ Ավագյանն է։ Լիլուն նկատեց, որ փորձել են ստանալ այնպիսի աշխատանք, որը կսիրվի թե՛ իր, թե՛ Արմենչիկի լսարանի կողմից. «Արամն ի սկզբանե երգի վրա այնպես է աշխատել, որ երկուսիս լսարանի համար էլ սիրելի լինի և ընկալվի։ Ռիթմիկ երգ է, որի հիման վրա գունեղ, լուսավոր տեսահոլովակ ենք նկարահանել»։

Տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է։ Նկարահանումները կայացել են Մալիբուում և արվարձաններում։ Սյուժետային գիծը բացահայտել Լիլուն չցանկացավ, սակայն հետաքրքիր աշխատանք խոստացավ։

«Տեսահոլովակի մի մասը նկարահանել ենք Մալիբուում` շատ մեծ առանձնատանը, որտեղ ժամանակին ապրել է Էլվիս Փրեսլին։ Մեր զգացողություններն անբացատրելի էին, քանի որ նկարահանվում էինք մի տան մեջ, որտեղ ապրել է լեգենդ։ Երկրորդ հատվածը նկարահանեցինք արվարձաններում։ Տարածքները բավականին հեռու էին իրարից, մենք էլ խցանման մեջ ընկանք, սակայն շնորհիվ մեր պրոֆեսիոնալ թիմի ու Արեն Բայադյանի ճիշտ կազմակերպած գրաֆիկի, կարողացանք ժամանակին լինել տեղում ու ավարտել աշխատանքը։ Շնորհակալ եմ ամբողջ անձնակազմին, որոնց հետ կարողացանք հասնել լավ արդյունքի։ Կարծում եմ` տեսահոլովակը շատ է սիրվելու»,– ասաց երգչուհին։

Անդրադառնալով ամերիկյան կյանքին` վերջին տարիներին ԱՄՆ–ում բնակություն հաստատած Լիլուն ասաց, որ իր համար բավականին հեշտ ստացվեց հարմարվել նոր իրականությանը։ Շատ հայտնիներ, մեկնելով ԱՄՆ, ստիպված են լինում տարբեր աշխատանքներ անել իրենց գոյությունը պահելու համար։ Լիլուի խոսքով` ինքը նման խնդիր չի ունեցել, քանի որ մայրն իրեն աջակցել է բոլոր, այդ թվում` ֆինանսական հարցերում։

«Իմ մեծ ընտանիքը` ազգականներս, մայրս այստեղ են ապրում։ Մայրիկիս շնորհիվ կարողացա հեշտ հաղթահարել բոլոր դժվարությունները։ Փառք Աստծո, երբեք կարիք չեմ ունեցել կողմնակի աշխատանք փնտրելու։ Շնորհիվ մայրիկիս, որն ապահովել է իմ ծախսերն ու խնդիրները, ես զբաղվել եմ միայն իմ երգարվեստով, ի տարբերություն շատերի, կարողացել եմ պահպանել իմ աշխատանքն ու ուրիշ գործերով չզբաղվել»,– պատմեց նա։

Ինչ վերաբերում է որդուն` Լիլուն նշեց, որ փորձում է փոքրիկի ամեն օրը տոն դարձնել։ «Որդուս համար փորձում եմ հնարավորինս հետաքրքիր օր կազմակերպել։ Գրեթե ամեն օր նրան անակնկալ եմ մատուցում։ Մենք հաճախ գնում ենք խաղասրահներ, լինում են բնության գրկում։ Նրա ամեն օրը հետաքրքիր է անցնում։ Կարծում եմ՝ տղաս շատ երջանիկ է»,– ասաց երգչուհին։

   tert.am

Նմանատիպ գրառումներ