Տխրահռչակ լրատվամիջոցները փորձում են սևացնել իմ անձը․Գարիկ Սարգսյան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցների կողմից հրապարակվում են իմ անձի և գործունեության վերաբերյալ ստահոդ, իրականությունից ոչ միայն հեռու, այլև իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկություններ: Դեկտեմբերի սկզբին կայանալիք ԱԺ ընտրությունների պատկերի վրա այդ լրատվամիջոցները ոչ միայն փորձում են վարկաբեկել ու սևացնել իմ անձը, այլև չակերտավոր քննադատական, անկախ ու հետաքննող հետագիծ ունեցող լրատվամիջոցի համբավ ստեղծել: Սակայն միայն փորձում են: Քանզի ես իմ ելույթներում բազմիցս եմ ասել, որ իրականացրել և իրականացնելու եմ թափանցիկ գործունեություն, առաջնորդվելու եմ օրենքով, իսկ թե ինչով են առաջնորդվում վերոհիշյալ լրատվամիջոցները, ոչ միայն ակնհայտ է, այլև՝ դիլետանտությունից բխող:
Այդ հրապարակումները բազմերես ու բերնեբերան անցնող ասեկոսե են հիշեցնում, որտեղ դեպքերն ու երևույթները խեղաթյուրված ու անհիմն են, շատ անգամ՝ բարոյական սահմաններից դուրս: Եվ զարմանալի է, ավելի ճիշտ՝ ապշեցնող, թե ով է կայքին《տեղեկացնում》, ինչու, կամ ինչպես է ստացվում, որ մշտապես նույն այդ կայքերն են《տեղեկացվում》 այնպիսի երևույթների կամ իրադարձությունների մասին, որոնք հիմնովին տձև են, հեռու առողջ բանականությունից:
Օրինակները, ցավոք, անիրական են, թվարկելու դեպքում՝ բազում, այդ իսկ պատճառով ցանկանում եմ ևս մեկ անգամ հայտարարել, որ անկախ վերոհիշյալ լրատվամիջոցների տխրահչակ գործելաոճից, ես շարունակելու եմ իրականացնել թափանցիկ և ադեկվատ գործունեություն, ինչքան էլ հրապարակումները ներծծված լինեն ստով ու կեղծիքով կամ աղմկահարույց բացահայտումներ անելու մարմաջով:

Նմանատիպ գրառումներ