Տնտեսության զարգացման կարևոր նախապայման է աշխատողների պաշտպանվածությունը:

Տնտեսության զարգացման համար կարևորագույն նախապայման է բիզնես հատվածի և աշխատուժի ապահովագրումը բոլոր տեսակի ոտնձգություններից: Ապահովագրված պետք է լինեն թե գործատուները՝ կլինի պետական, թե մասնավոր հատված, թե աշխատակիցները: Սա կարևոր է, քանի որ տնտեսությունը կարող է կայունանալ և զարգանալ միայն կայուն արժեք ստեղծողների և կայուն եկամուտ ունեցողների շնորհիվ:

Յուրաքանչյուր աշխատող պետք է առնվազն մեկ ամիս շուտ տեղեկացվի այն մասին, որ իրեն պատրաստվում են աշխատանքից ազատել, յուրաքանչյուր կազմակերպության նկատմամբ որևէ լծակ գործադրելուց առաջ պետք է հնարավորություն, ժամանակ տալ, որպեսզի կարգավորի խնդիրները, մարի պարտականությունները և այսպես շարունակ:

Առանց բիզնես և աշխատող հատվածի շահերի խիստ պաշտպանության հնարավոր չէ անգամ մտածել տնտեսության զարգացման մասին,եթե ազատ շուկայական պայմանների կանոններով ենք գործում:

Ինչ վերաբերում է ներդրողներին, առաջնային կարևորության հարց է նրանց համար հենց կայունությունը՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլն: Հայաստանի պայմաններում արդեն իսկ վատ մեկնարկային պայմաններ ունենք ներդրողների համար,եթե առավել անկայուն ենք դարձնում բիզնես ոլորտը, ապա միայն վանում ենք ներդրողներին:

Հուսամ, կգտնվեն խոհեմ մարդիկ, ովքեր թույլ չեն տա տնտեսությունը վերջնական փլուզվի, քանի որ տնտեսական ճգնաժամն, իրականում, բավականին ծանր, երկարատև, երբեմն չվերականգնվող բացասական հետևանքներով երևույթ է:

Analitik.am-ի հիմնադիր Անի Հովհաննիսյան

Նմանատիպ գրառումներ