Փաշինյանը կոչ է անում պարզաբանել «հիմնական սկզբունքները»:

Երեւան:  Մեդիամաքս: Այսօր Ստեփանակերտում կայացել է Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ, որում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ծավալուն ելույթով:

Մեդիամաքսն առանձնացրել է վարչապետի ելույթի առավել ուշագրավ մասերը:

 

Աննախադեպ նիստ

 

Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստն աննախադեպ իրադարձություն է մեր հանրապետությունների գոյության ողջ ընթացքում:

 

Այս իրադարձությունն ունի շատ խորհրդանշական եւ մյուս կողմից՝ շատ կոնկրետ իմաստ: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության հարաբերությունները թեւակոխում են որակապես մի նոր փուլ:

 

«Արցախի ներգրավվումը բանակցային գործընթացում քմահաճույք չէ»

 

Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել եւս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը:

 

Այս դիրքորոշումն արտահայտում է մեր հարգանքը ոչ միայն Արցախի ժողովրդի եւ նրա իրավունքների, այլեւ բանակցային գործընթացի մասնակից մեր բոլոր գործընկերների նկատմամբ, որովհետեւ մենք իրապես շահագրգիռ ենք եւ ուզում ենք հասնել հարցի բացառապես խաղաղ կարգավորմանը եւ հավատում ենք բանակցային գործընթացին, որի արդյունավետությունը մեզ համար կարեւորագույն առաջնահերթություն է, իսկ բանակցային գործընթացի արդյունավետության առումով այս հարցը, ինչպես նշեցի, առանցքային նշանակություն ունի:

 

Բանակցությունների մինչեւ այժմ հայտնի շրջանակը, ըստ էության, ներառում է շահագրգիռ բոլոր կողմերին, բացի մեկից: Այդ բանակցություններում ներկայացված է Ադրբեջանը՝ ի դեմս նախագահ Ալիեւի: Վերջինս, ի դեպ, ներկայացնում է նաեւ, ինչպես ինքն է սիրում ասել, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, որովհետեւ այդ համայնքի ներկայացուցիչները, հանդիսանալով Ադրբեջանի քաղաքացի,  մասնակցել են Ադրբեջանի նախագահական ընտրություններին եւ, հետեւաբար, Ադրբեջանի նախագահին տվել են նաեւ իրենց ներկայացնելու լիազորություն, հետեւաբար բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի նախագահի ներկայությունն ապահովում է նաեւ ժամանակին Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների ներկայությունը:

 

Այդ բանակցություններում ներկայացված է նաեւ Հայաստանի Հանրապետությունը՝  ի դեմս երկրի վարչապետի: Հետեւաբար, Հայաստանի ժողովուրդը նույնպես ներկայացված է բանակցային գործընթացում:

 

Ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ բանակցային գործընթացում ներկայացված է նաեւ միջազգային հանրությունը: Այս ամենը, իհարկե, լավ է ու չափազանց կարեւոր, եւ մենք բարձր ենք գնահատում այն ջանքերը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ներդրել են եւ ներդնում են կարգավորման գործընթացում:

Բայց գլխավոր հարցը հետեւյալն է՝ իսկ բանակցային գործընթացում ո՞վ է ներկայացնում Արցախի ժողովրդին կամ, ինչպես որոշ դեպքերում ասվում է, Ղարաբաղի հայությանը: Խնդիրն այն է, որ բանակցային գործընթացում այսօր Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն, լեգիտիմություն ունեցող որեւէ ներկայացուցիչ չկա:

 

Բազմիցս ասել եմ, որ Հայաստանի վարչապետը չի կարող նման լիազորություն կատարել՝ այն պարզ պատճառով, որ Արցախի ժողովուրդը Հայաստանի ընտրություններին չի մասնակցում, չի քվեարկում եւ, ուրեմն Հայաստանի վարչապետը չի մտնում Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն ունեցող անձանց շրջանակի մեջ:

 

Եվ սա ոչ թե քմահաճույքի, նախապայմանի, այլ սովորական լեգիտիմության հարց է, իսկ լեգիտիմությունը ժամանակակից հարաբերությունների առանցքային գործոն է՝ ոչ միայն ներքաղաքական, այլեւ միջպետական եւ միջազգային հարաբերություններում:

 

«Հայաստանը Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորն է»

 

Ի դեպ, անհեթեթ են բոլոր այն մեկնաբանությունները, թե Հայաստանի Հանրապետությունը կամ վարչապետը այս դիրքորոշմամբ իրենց ուսերից թոթափում են պատասխանատվությունը եւ այն դնում են Արցախի իշխանության կամ ժողովրդի վրա: Որեւէ շահարկման տեղ չթողնելու համար հարկ եմ համարում ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա եւ կմնա Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը եւ կշարունակի իր ներգրավվածությունը խաղաղության գործընթացում:

 

Արձագանքելով համանախագահներին

 

Հաջորդ կարեւորագույն հարցը, որին անհրաժեշտ է պատասխանել, հետեւյալն է՝ իսկ Հայաստանի կառավարությունն ընդունո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքները եւ 6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք:

Սա իսկապես կարեւորագույն հարց է, բայց այս հարցին ի պատասխան մենք կարիք ունենք կարեւոր պարզաբանումների: Իսկ ի՞նչ կարող են նշանակել այդ սկզբունքները գործնականում, եւ ո՞ւմն է դրանք մեկնաբանելու իրավունքը: Սա կարեւոր է, որովհետեւ այն, ինչպես այդ սկզբունքները մեկնաբանում է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի է:

 

Մենք, իհարկե, կարող ենք հանդես գալ այդ սկզբունքների սեփական մեկնաբանությամբ, բայց դա անիմաստ է, որովհետեւ մեր նպատակը ոչ թե լեզվակռիվն է, այլ արդյունավետ բանակցային գործընթացը: Եվ հետեւաբար, բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները:

 

Բայց համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները, տարրերը, ինչպես արդեն նշեցի, վերջին 10 տարիներին ամենատարբեր եւ ամենատարածական մեկնաբանությունների տեղիք են տվել, եւ հետեւաբար, առաջիկա բանակցային գործընթացի կարեւորագույն նպատակը պետք է լինի, այսպես ասած, հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների եւ 6 տարրերի պարզաբանումը, եւ մենք պատրաստ ենք նաեւ այսպիսի խոսակցության:

 

Ժողովուրդներին նախապատրաստել խաղաղությանը

 

Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը չի կարող լինել բանակցություններում ներգրավված կառավարություններից որեւէ մեկի առանձին խնդիրը, եւ դա համատեղ աշխատանք է: Նկատի ունեմ, օրինակ, ադրբեջանական հանրությանը խաղաղության նախապատրաստելը ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ պետք է տեղի ունենա:

 

Հենց այս գիտակցումն էր, որ ինձ ստիպեց 2018թ. աշնանը Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հանդես գալ մեր իրականության համար, ըստ էության, աննախադեպ մի հայտարարությամբ՝ ասելով, որ Ղարաբաղի հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար:

 

Սա իմ ներդրումն էր ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլեւ Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելու գործում: Ցավոք, Ադրբեջանի նախագահի կողմից մենք համարժեք հայտարարություններ, քայլեր չենք տեսնում:

 

Չնայած սրան՝ պատրաստ եմ շարունակել երկխոսությունը ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլեւ Ադրբեջանի ժողովրդի հետ, որովհետեւ համոզված եմ՝ Ադրբեջանի ժողովուրդը խաղաղասեր է նույնքան, որքան Հայաստանի ժողովուրդը, որքան Արցախի ժողովուրդը

Նմանատիպ գրառումներ