Փաստաբան. Էջմիածնի քաղաքապետի կոչը պարունակում է առերևույթ հանցագործության հատկանիշներ

Panorama.am-ը գրում է.

«Հայց» փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Տիգրան Գրիգորյանը  լսել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում  արած կոչը։

Իրավաբանն  առերևույթ հանցագործության հատկանիշներ է նկատել մի քանի հայտարարություններում։

«Հայտարարության մեջ քաղաքապետը չի նշում, թե ինչքան տարածքի մասին է խոսքը, նշում է 23 հազար դրամի ու 7 մլն դրամի մասին։ Սա հսկայական տարբերություն է։ Քաղաքապետի հայտարարությունից ստացվում է այսպես. Մենք հատուկ ենք բարձրացնում գինը, որ սրճարանը, որը շահույթ հետապնդող է, աշխատում է 3-4 ամսվա մեջ, նման շրջանառություն չունենա ու հրաժարվի նման պայմանով տարածքը վարձակալելուց։ Ստացվում է, որ իրենք գինը արհեստական բարձրացնում են, որ սրճարանը փակվի»,-մանրամասնում է փաստաբանը։

Գրասենյակի տնօրենի մոտ հարց է առաջացել, արդյոք քաղաքապետի նշած ու պահանջվելիք 7 մլն դրամը համապատասխանո՞ւմ է տարածքի կադաստրային գնին։

«Ենթադրենք, կադաստրային արժեքը կազմում է ոչ թե 7 մլն դրամ, այլ 2 մլն դրամ։ Եթե տնտեսվարողին նման առաջարկ արդեն իսկ արվել է, ապա կարելի է ասել, որ քաղաքապետի հայտարարությունն ու այդ գործողությունները կարող են դիտվել ընդհուպ Քրեական օրենսգրքի 308, 309 հոդվածներով նախատեսված հանցագործություններ՝ կամ դիրքի չարաշահում, կամ լիազորություններն անցնել, կարող են դրանք նաև համակցված լինել»,-ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի 308 հոդվածը վերաբերում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, 309 հոդվածը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելուն։

Օրինակ,  309 հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը) պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Նմանատիպ գրառումներ