Քաղաքապետի աշխատավարձը հավասար է շարքային ծրագրավորողի աշխատավարձին, պրոբլեմը ո՞րն է. Արթուր Մեսչյանը՝ աշխատավարձերի բարձրացման մասին

«Եթե մոտակա ժամանակներում իմ իրավասության տակ գտնվող բաժինների աշխատավարձերը չբարձրանան, ժամը 6-ին բոլորին ուղարկելու եմ տուն»: Այս մասին այսօր քաղաքապետարանում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«Ոչ ոք ժամը 6-ից հետո աշխատավայրում չի լինելու, էլ չեմ խոսում շաբաթ կամ կիրակիի մասին: Այն բոլոր բաժինները, որոնք իմ կուռացիայի տակ են, գիշերվա մինչև 11-ն աշխատում են: Մեկ էլ հեռուստատեսությունով լսում են բավականին անդուր նախադասություններ իրենց աշխատանքի վերաբերյալ…մի քանի կոպեկ աշխատավարձը, որ պետք է ավելանա կամ չավելանա, ճիշտն ասած, դա այդքան ազնիվ չէ»,- նշեց Արթուր Մեսչյանը:

Երևանի գլխավոր ճարտարապետի խոսքով՝ իր աշխատակիցները նախատեսված աշխատաժամից ավելի են մնում, որովհետև աշխատանքի ծավալը մեծացել է 3 անգամ, իսկ աշխատակազմը մնացել է նույնը:

Ըստ նրա՝ այն աշխատանքը, որ կատարում են քաղաքապետարանի աշխատակազմը և դրա դիմաց վարձատրությունը տրամաբանական սահմաններում չեն:

«Քաղաքապետի աշխատավարձը հավասար է շարքային ծրագրավորողի աշխատավարձին, այդտեղ պրոբլեմը ո՞րն է, ինչի մասին ենք մենք խոսում: Ոչ ոք մեզանից չի եկել քաղաքապետարան աշխատելու, որպեսզի հարստանա: Մենք փորձում ենք հնարավորին չափով օգտակար լինել քաղաքին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է բժիշկների, մանկավարժների, սահմանապահների աշխատավարձերի հարցին, Արթուր Մեսչյանը պատասխանեց. «Ես կլինեի աշխարհի ամենաերջանիկ մարդը, եթե նրանք այնպիսի աշխատավարձ ստանային, որ կարողանային նորմալ ապրել»:

Նմանատիպ գրառումներ