Քոչարյանին ազատ արձակելու տրամադրություններ կան Արցախում. Աշոտ Ղուլյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանքը փոխելու՝ Արցախի նախագահների երաշխավորությանը պետք է վերաբերվել որպես մարդասիրական և ընկերական հարաբերությունների արդյունք: Այսօր Հայաստանի խորհրդարանում ասաց Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը՝պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե արդյո՞ք ինքը նույնպես միանում է Ղարաբաղի գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի միջնորդությանը և կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի:

Աշոտ Ղուլյանը շեշտեց՝ Արցախում կան այդպիսի տրամադրություններ և դրանց անհնար է չարձագանքել:

«Անկեղծ ասած, այս հարցով յուրաքանչյուր նոր մեկնաբանություն կարող է նոր հակասությունների առիթ դառնալ։ Ես կարծում եմ այն, ինչ-որ արդեն ասվել է, ինչ-որ ներկայացվել է, դա բավարար է հասկանալու համար, որ խոսքը վերաբերում է ոչ թե դատավարության վրա որևէ ազդեցության, այլ կալանքը փոխելու հարցին, և այստեղ ուզում եմ, որ դրան վերաբերենք որպես զուտ մարդասիրական, գործընկերային և ընկերական հարաբերությունների արդյունք։ Վստահ եմ, որ դուք էլ երևի տեղյակ եք, որ Արցախում կան այդպիսի տրամադրություններ և անհնար է այդ տրամադրություններին չարձագանքել», — ասաց Ղուլյանը՝ շարունակելով. — «Եթե հիշում եք մենք էլ խորհրդարանի պատգամավորներով նախորդ ամիսներին նույնպես այդպիսի միջնորդություն-խնդրագիր ենք ներկայացրել, որը նույն իմաստն ունի՝ պարզապես դատավարության, կամ նախաքննության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց փոխելու խնդրանքով»։

Մանրամասները՝ «Ազատություն»-ում

Նմանատիպ գրառումներ