Օպերայի տարածքից ևս 22 ցուցարար բերվել է ոստիկանություն, 6-ն ազատ են արձակվել. Էդգար Ջանոյան

Այսօր բացի 19 քաղաքացուց, երեկոյան ևս Մաշտոցի պողոտայում Օպերային հարակից տարածքների սրճարանների դեմ բողոքի ակցիայի մասնակից 22 քաղաքացի բերվել է ոստիկանություն:

Tert.am-ի հարցին, թե քանի քաղաքացի է բերվել ոստիկանություն, և ի՞նչ հիմքով են բերվել քաղաքացիները ոստիկանություն, ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց. «Այսօր երեկոյան ցույցի 22 մասնակից բերվել է ոստիկանություն, որից 6-ն արդեն ոստիկանությունում չեն»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էդգար Ջանոյանը հայտնել էր, որ 19 քաղաքացի է բերվել ոստիկանություն: Նրանցից 17-ի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել, երկուսի դեպքում նյութեր են նախապատրաստվում: 19 քաղաքացիներն ազատ էին արձակվել:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանը վերսկսել էր Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժումը: Այդ սրճարանների աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել, փակել էին Մաշտոցի պողոտան, ոստիկանության և ցուցարարների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել:

Նմանատիպ գրառումներ

Լուրեր Հայաստանից