10 երկիր, որոնցում կանայք մարդ չեն համարվում և չունեն իրավունքներ:

Ժամանակակից կանայք տղամարդկանց հավասար պաշտոններ են այսօր զբաղեցնում տնտեսության ոլորտում, պետություններ են ղեկավարում՝ միաժամանակ մնալով կանացի և գեղեցիկ։ Սակայն դեռևս աշխարհում կան երկրներ, որոնցում կինը մարդ չի համարվում, ամեն օր ենթարկվում է բռնության ու դաժան վերաբերմունքի։

Աֆղանստան

Այս երկիրը առաջին հորիզոնականն է զբաղեցնում այն պետությունների շարքում, որտեղ կանայք զրկված են գրեթե բոլոր իրավունքներից։ Նրանք ամեն օր ենթարկվում են դաժան բռնության իրենց ամուսինների և հարազատների կողմից։ Չդադարող ռազմական գործողությունները ստիպել են փողոց դուրս գալ ավելի քան միլիոն կանանց, որոնք ողորմություն էին խնդրում՝ ապրելու համար։ Աֆղանացի կանանց կյանքի միջին տևողությունը շուրջ 45 տարի է։ Որակյալ բժշկական օգնության բացակայության պատճառով ծննդաբերողների և նրանց նորածինների մահացության թիվը ամենաբարձրներից մեկն է աշխարհում։ Ընտանեկան բռնությունը, վաղ ամուսնությունն ու աղքատությունը Աֆղանստանի կանանց կարճ կյանքի բովանդակությունն են կազմում։ Ինքնասպանությունն այստեղ հաճախ կրկնվող երևույթ է։

Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն

Կոնգոյում կանայք չեն կարող իրավաբանական որևէ փաստաթուղթ ստորագրել առանց ամուսնու թույլտվության։ Սակայն նրանց պարտականությունները համապատասխանում են տղամարդկանց պարտականություններին։ Մշտական ռազմական հակասությունները այս երկրում կանանց ստիպել են զենք վերցնել և մարտնչել։ Շատերը ստիպված են եղել փախչել երկրից։

Նրանք, ովքեր մնացել են, հաճախ դառնում էին ուղղակի հարձակումների և բռնության զոհեր։ Ամեն օր բռնաբարության է ենթարկվում ավելի քան 1000 կին։ Նրանցից շատերը մահանում են, մյուսները՝ սեռավարակ ստանում և իրենց երեխաների հետ միայնակ մնում՝ առանց օգնության։

Նեպալ

Տեղի ռազմական հակասությունները Նեպալի կանանց ստիպում են պարտիզանական շարքերում ներգրավվել։ Այս երկրին բնորոշ են վաղ ամուսնություններն ու ծնելիությունը, որոնք քայքայում են երիտասարդ կանանց՝ առանց այդ էլ վատ սնունդ ստանալու արդյունքում թուլացած օրգանիզմները, այդ պատճառով էլ 24 կնոջից մեկը մահանում է հղիության կամ ծննդաբերության ժամանակ։ Շատ աղջիկների, առհասարակ, վաճառում են մինչև չափահասությունը կամ հասունացումը։

Մալի

Աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկում փոքրիկ աղջիկներին ենթարկում են սեռական օրգանների ցավոտ հատման։ Նրանցից շատերը ամուսնանում են փոքր տարիքում և ոչ իրենց կամքով։ Յուրաքանչյուր տասներորդ կինը մահանում է ծննդաբերության կամ վիժման ժամանակ։

Պակիստան

Պակիստանը այնպիսի ազգային և կրոնական ավանդույթների երկիր է, որոնք չափազանց վտանգավոր են կանանց համար։ Այստեղ չբավարարված կամ հիասթափված ամուսինը կարող է թթու լցնել այն աղջկա երեսին, որը նրան չի գոհացրել կամ մերժել է։ Պակիստանում հաճախակի են տեղի ունենում վաղ և բռնի ամուսնությունների, ընտանեկան դաժան վերաբերմունքի դեպքեր։ Կնոջը, որին կասկածում են դավաճանության մեջ, մինչև մահ քարկոծում են։ Եթե ամուսինը հանցագործություն է կատարում, ապա նրա կնոջը, որպես պատիժ, խմբակային բռնաբարության են ենթարկում։

Հնդկաստան

Սա այն երկրներից մեկն է, որտեղ կնոջը մարդ չեն համարում նրա ծննդյան պահից ի վեր։ Ծնողները նախընտրում են որդիներ ունենալ, այլ ոչ դուստրեր։ Այդ իսկ պատճառով տասնյակ միլիոն աղջիկներ չեն ապրում մանկասպանության և աբորտների հետևանքով։ Հնդկաստանում երիտասարդ աղջիկների առևանգման՝ նրանց մարմնավաճառության դրդելու նպատակով դեպքերը սովորական դարձած երևույթներ են։ Երկրում ավելի քան երեք միլիոն մարմնավաճառ կա, որոնց 40%-ը դեռևս երեխաներ են։

Սոմալի

Սոմալիի կանանց համար ավելի սարսափելի բան չկա, քան հղիությունն ու ծննդաբերությունն են։ Ծննդաբերությունից հետո ողջ մնալու հավանականությունը չափազանց փոքր է։ Այստեղ չկան հիվանդանոցներ, չկա բժշկական օգնություն, չկա մի բան, ինչը կօգնի ծննդաբերության ժամանակ։ Կինը միայնակ է մնում ինքն իր հետ։ Բռնաբարություններ կատարվում են ամեն օր, իսկ սեռական օրգանների հատում կատարում են Սոմալիի բոլոր աղջիկների մոտ, ինչը հաճախ հանգեցնում է վարակների ու մահվան։ Սովն ու երաշտը բարդացնում են Սոմալիի կանանց առանց այդ էլ դաժան կյանքը։

Իրաք

Որոշ ժամանակ առաջ Իրաքը արաբական պետությունների շարքում կանանց գրագիտության ամենաբարձր մակարդակ ունեցող երկրներից մեկն էր համարվում։ Այսօր այս երկիրն իրական դժոխք է դարձել կանանց համար։ Ծնողները վախենում են դուստրերին դպրոց ուղարկել, քանի որ նրանց կբռնաբարեն կամ կառևանգեն։ Կանայք, որոնք նախկինում հաջողակ էին և ունեին աշխատանք, այսօր ստիպված են մնալ տանը։ Շատերին բռնի կերպով վտարել են իրենց տներից։ 2014 թ. վերջին «Իսլամական պետության» մարտիկները պատժեցին ավելի քան 150 կնոջ, որոնք հրաժարվել էին մասնակցելուց սեքս-ջիհադին և զինվորներին սեռական ծառայություններ մատուցելուց։

Չադ

Չադում կանայք իրավունքներ չունեն։ Նրանց կյանքն ամբողջապես կախված է շրջապատից։ Աղջիկների մեծ մասին ամուսնացնում են 11-12 տարեկանում, և նրանք սկսում են պատկանել իրենց ամուսիններին։ Կանայք, որոնք ապրում են փախստականների ճամբարներում, ամեն օր ենթարկվում են բռնաբարության և ծեծի։ Բացի դրանից, նրանց հաճախ հետևում են զինվորականները և տարբեր բանդաների անդամներ։

Եմեն

Այս պետության կանայք չեն կարող կրթություն ստանալ, քանի որ նրանց ամուսնացնում են յոթ տարեկանից սկսած։ Յեմենի կանանց իրավունքների զարգացումը համարվում է այդ պետության գլխավոր ու կարևորագույն խնդիրը։

Նմանատիպ գրառումներ