585 000 դոլար. Լոնդոնում աճուրդով վաճառվել է «Եվգենի Օնեգին» վեպի առաջին հրատարակությունը

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում տեղի է ունեցել «Ռուս գրականության ոսկեդարը» խորագրով աճուրդը, որի ժամանակ վաճառվել է Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպի առաջին հրատարակությունը, որը լույս է տեսել 1825թ.-ին, գրում է lenta.ru-ն`Christie’s աճուրդի տանը հղումով:

Գրքի դիմաց շուրջ 585 000 դոլար է վճարվել, ինչը եռակի գերազանցել է 150 000 – 200 000 դոլարի նախնական գնահատականը:

«Եվգենի Օնեգին»-ից բացի, աճուրդի է հանվել եվրոպական մասնավոր հավաքածուներից ռուս դասական գրականության ևս 120 հազվագյուտ գիրք: Բոլոր վաճառված նմուշների ընդհանուր արժեքը մոտ 2,84 մլն դոլար է կազմել:

Երկրորդ ամենաթանկ գիրքը Նիկոլայ Գոգոլի «Երեկոները Դիկանկային կից ագարակում» պատմվածքների հավաքածուի առաջին հրատարակությունն է եղել, որը վաճառվել է 218 000 դոլարով:

Նմանատիպ գրառումներ