Lenovo. Աշխարհի ամենահզոր սմարթֆոնն ու «խելացի» նոութբուքը:

Lenovo-ն Լաս-Վեգասում կայացած CES 2019-ում նոր ապրանքատեսակներ ներկայացրեց, որոնցից ամենահետաքրքիրը նոր «խելացի» նոութբուքն էր՝ Yoga S940, ինչպես նաև Lenovo Z5 Pro GT-ը:

Snapdragon 855-ով աշխատող աշխարհի ամենահզոր սմարթֆոը

Ստացվում է, որ Lenovo-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որը ներկայացնում է սմարթֆոն` Snapdragon 855-ով:

Lenovo-ն կարողացավ շրջանցել բոլոր մրցակիցներին, այդ թվում՝ Samsung-ին, Sony-ին և Xiaomi-ին`իր նոր Z5 Pro-ի սահմանափակ թողարկման միջոցով: Գադջետը դեռևս նախատեսված է միայն չինական շուկայի համար:

Z5 Pro-ը ոչ միայն պաշտոնապես դարձավ նորացված Qualcomm չիպով աշխատող առաջին սմարթֆոնը, այլև դարձավ միակը, որ ունի անհավատալի թվացող 12 ԳԲ օպերատիվ հիշողություն (օրինակ՝ iPhone XS Max-ն ունի 4 ԳԲ օպերատիվ հիշողություն):

Lenovo Z5 Pro GT-ը ունի կրկնակի տեսախցիկ՝ 24-16 ՄՊ հզորությամբ: Մատնահետքի սկաները տեղադրված է 6,39 դյույմանոց էկրանում:

«Խելացի» նոութբուք՝ Yoga S940

Նոութբուքերը վաղուց սովորական բան են դարձել մարդկանց կյանքում, դրանք շատ նման են իրար, այնպես որ, ընկերությունները պետք է փորձեն տարբերվել: Lenovo-ն ներկայացրեց հատուկ ալգորիթմներ, որոնք վերահսկում են օգտատիրոջ վարքը և աշխատում են՝ ըստ օգտատիրոջ սցենարի: Օրինակ՝ նոութբուքը կարգավորում է լիցքավորման ռեժիմը՝ հարմարեցնելով այն օգտատիրոջը: Արտադրողները խոստանում են, որ նոութբուքը կաշխատի 15 ժամ, ինչը շատ լավ ցուցանիշ է փոքր և թեթև նոութբուքի համար:

Մեկ այլ «խելացի» հատկություն է վեբ-տեսախցիկի կողքին գտնվող ինֆրակարմիր տեսախցիկը: Այն վերահսկում է օգտագործողի գլխի շարժումները և աշխատանքային սեղանը տեղափոխում է լրացուցիչ մոնիտորի վրա, երբ գլուխը թեքվում է: Տեսախցիկն օգտագործվում է անգամ մութ ժամանակ արգելափակելու համար: Սրճարաններում կամ այլ հասարակական վայրերում էկրանը կփակվի այն ժամանակ, երբ օգտատերը չի նայում դրան: Էկրանը կարող է զգուշացնել նաև այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը հետևում է օգտատիրոջ գործողություններին:

Մյուս գործառույթներով սա սովորական նոութբուք է: Այն շատ թեթև է և հարմարավետ: Այն աշխատում է 8-րդ սերնդի Intel Core պրոցեսորով, օպերատիվ հիշողությունը 16 ԳԲ է: Նոութբուքի արժեքը 1499 դոլար է: Այն շուկայում կհայտնվի մայիսին:

Սիրարփի Աղաբաբյան

Նմանատիպ գրառումներ