Քաղաքականություն

ԱԺ կանոնակարգով պետք է հստակ ձևակերպենք, որ խորհրդարանի երրորդ փոխխոսնակի տեղը զբաղեցնի ամենամեծ կշիռ ստացած ընդդիմությունը. Լ. Նազարյան

Սա անձերով պայմանավորված ընտրություն չէ: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ խոսելով այն մասին, որ «Իմ քայլը» ԱԺ երրորդ փոխնախագահի պաշտոնում քվեարկելու է ԲՀԿ թեկնածուի օգտին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ կանոնակարգում չկա դրույթ, որ փոխնախագահի պաշտոնը մեծությամբ երկրորդ ուժին վերապահվի:

«Նախկինում դիտավորյալ է արվել, չի նշվել կանոնակարգում, որ մեծամասնությունը հնարավորություն ունենա տարբեր իրավիճակներում տարբեր պայմանավորվածություններ ձեռք բերել ընդդիմությունների հետ: Դա հնարավորություն կտար մեծամասնությանը տարբեր կերպ օգտագործել այդ բացը: Կարծում եմ, որ ԱԺ կանոնակարգով պետք է հստակ ձևակերպենք, որ երրորդ փոխնախագահի տեղը զբաղեցնի ամենամեծ կշիռ ստացած ընդդիմությունը: Հատկապես երբ ընտրողներն իրենց ձայներով տվել են այդ հարցի պատասխանը»,- ասաց Լ. Նազարյանը:

Վերջինս նշեց, որ դեռևս նախընտրական փուլում ընդդիմադիր ուժերն ասում էին, որ սա ավելի շատ ընդդիմության ընտրություն է, քան իշխանության, պայքարում էին ընդդիմության համար:

«Հիմա ժողովուրդը որոշել է, մեզ ոչինչ չի մնում, քան հետևել դրան: Այս ընտրությունը ո՛չ անձերով է պայմանավորված, ո՛չ մեր նախընտրություններով: Տրամաբանությունն այն է, որ որ ուժն ավելի շատ է ստացել, նա էլ զբաղեցնի այդ պաշտոնը»,- հավելեց Լենա Նազարյանը:

Նա նշեց, որ գուցե անձնապես ինքն էլ իր ձայնը տա «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Մանե Թանդիլյանին, բայց իրենք առաջնորդվում են մշակված սկզբունքով:

Առնչվող Հոդվածներ