Ալեքսանդր Քեմուրջյան. աշխարհում առաջին լուսնագնացի հայազգի գյուտարարը

Ալեքսանդր Լևոնի Քեմուրջյանն ականավոր ինժեներ-կոնստրուկտոր, տիեզերական տրանսպորտային մեքենագործության խորհրդային դպրոցի հիմնադիր, առաջին լուսնագնացների և մարսագնացների հայտնագործողն է: Նա հեղինակել է ավելի քան 200 գիտական աշխատություններ, այդ թվում՝ 5 մենագրություն, և ունի ավելի քան 50 գյուտ: Քեմուրջյանի կյանքի առաքելությունը տիեզերական տեխնիկայի ստեղծումն էր ու աշխարհում առաջին մեքենայացված ինքնագնացի ստեղծմանը մասնակցելը՝ Լուսնի մակերևույթի ուսումնասիրման համար:

Հայազգի Ալեքսանդր Քեմուրջյանը ծնվել է 1921 թ. հոկտեմբերի 4-ին Վլադիկավկազում: Նրա հայրը Տրապիզոնի հայ ընտանիքից էր սերում: Ալեքսանդրը մանկական և երիտասարդության տարիներն անց է կացրել Բաքվում:

1940 թ. Ալեքսանդրը Մոսկվա տեղափոխվեց և ընդունվեց Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան: 1942 թ. նա կամավոր առաջնագիծ գնաց: Քեմուրջյանը մասնակցություն է ունեցել Կուրսկի ճակատամարտին և մարտական «գործունեությունն» ավարտին է հասցրել 1945 թ. Պոմերանիայում:

1951 թ. գերազանցությամբ ավարտել է Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանը և աշխատանքի է անցել Տրանսպորտային մեքենագործության համառուսական գիտահետազոտական ինստիտուտում: Նույն տարվա սեպտեմբերից ի վեր Ալեքսանդր Քեմուրջյանի կյանքն անխզելիորեն կապվեց այս կազմակերպության հետ, որտեղ նա տարիների ընթացքում ինժեներից դարձավ գլխավոր կոնստրուկտոր և ինստիտուտի փոխտնօրեն:

1959-1963 թթ. Քեմուրջյանը զբաղվում էր օդային բարձիկներով ցամաքային տրանսպորտային միջոցների ստեղծմամբ: Արդյունքում նրան հաջողվեց ստեղծել մի մեքենա, որն ունակ էր 12 դեսանտներից կազմված խմբի տեղափոխելու՝ հաղթահարելով ճահիճներն ու ջրային տարածությունները: Մեքենայի մի տեսակ ևս մշակեցին, որն օգտագործվելու էր Անտարկտիդայում:

1963 թ. Ալեքսանդր Քեմուրջյանը նշանակվեց «Լուսնագնացի» ստեղծման աշխատանքների ղեկավար: 1963-1973 թթ. նա գլխավորում էր առաջին լուսնագնացի և փոքրիկ մարսագնացի նախագծման և ստեղծման աշխատանքները:

Քեմուրջյանը մասնակցել է Չեռնոբիլի ատոմաէլեկտրակայանի՝ վթարից հետո կատարվող լիկվիդացիոն աշխատանքներին: 1986 թ. մայիսին նա ղեկավարում էր վթարի վայրը՝ գնահատական տալով տրանսպորտային տեխնիկայի աշխատանքային պայմաններին:

Քեմուրջյանը տեխնիկական գիտությունների դոկտոր էր, պրոֆեսոր, Լենինյան մրցանակակիր, պարգևատրվել է Լենինի, Արիության, Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի և զինվորական այլ մեդալներով: 2006 թ. Տիեզերագնացության ֆեդերացիան որոշում կայացրեց Ա.Լ. Քեմուրջյանի անվան մեդալ ստեղծել:

Հայազգի Քեմուրջյանը միջազգային մի շարք համայնքների անդամ էր՝ Մոլորակային համայնքի, Եվրոպական գեոֆիզիկական համայնքի և այլն: Նրա անունն ընդգրկվել է Մեծ Բրիտանիայում հրատարակված «XX դարի ականավոր մարդիկ» հայտնի գրքում:

Ալեքսանդր Քեմուրջյանը մահացել է 2003 թ. փետրվարի 24-ին: Թաղված է Սանկտ Պետերբուրգի հայկական գերեզմանատանը:

1997 թ. Միջազգային աստղագիտական միության որոշմամբ Ալեքսանդր Քեմուրջյանի անունով կոչվեց Արեգակնային համակարգի փոքրիկ մոլորակներից մեկը:

Նմանատիպ գրառումներ