Տնտեսական

«Ակնկալվող ներդրումային ծրագրերը լիովին կփոխեն ՀՀ տնտեսության կերպարը»:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել են Հայաստանի տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող գործարարներին: Հանդիպումն անցկացվել է «Բիզնես միջավայր եւ ներդրումներ. մարտահրավերներ եւ լուծումներ» խորագրով: 

«Մեր դերն է բացահայտել գործարարների տաղանդը»

Մենք գտնվում ենք մեր երկրի զարգացման մի շատ կարեւոր փուլում, երբ քաղաքական հեղափոխությունը պետք է տրանսֆորմացվի, կամ ավելի ճիշտ զուգորդվի տնտեսական հեղափոխությամբ: Եվ իհարկե, այս գործում մեր մեծագույն դաշնակիցը, Հայաստանի մեծագույն դաշնակիցը, գործարար խավն է, եւ մենք հույս ենք դնում մեր գործարար մարդկանց տաղանդի վրա:

Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունում եւ, ընդհանրապես, հայ ժողովրդի բազմաթիվ  ներկայացուցիչներ տիրապետում են այդ տաղանդին, ընդ որում, ոչ միայն նրանք, ովքեր այսօր արդեն զբաղվում են դրանով, այլեւ մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով ձեռնպահ են մնացել Հայաստանում նման գործունեության ծավալելուց: Մեր դերն է, որպեսզի քաջալերենք այդ մարդկանց, աջակցենք, նպաստենք, որպեսզի այդ տաղանդը լիարժեք բացահայտված լինի:

Գործարար պատգամավորների մասին

Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ տեղյակ եք, որ այս ընտրություններում պատգամավորի թեկնածուների թիվը, ովքեր նաեւ համարվում են գործարար, էականորեն նվազել է, եւ դա Հայաստանում տեղի ունեցող քաղաքական պրոցեսների արդյունք է: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա որեւէ կերպ չի կարելի  Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

մեկնաբանել որպես Հայաստանում գործարարի կարգավիճակի նսեմացմանը նպաստող կամ գործարարի կարգավիճակը նսեմացնող գործընթաց:

Հակառակը, մենք համոզված ենք եւ ուզում ենք, ու հասնելու ենք դրան, որ Հայաստանի Հանրապետությունում լինեն շատ ավելի մեծ թվով գործարարներ, այսինքն՝ արդյունք ստեղծող մարդիկ, որոնց կարգավիճակն ավելին է, քան օրինակ՝ պատգամավորինը, նախարարինը եւ պետական որեւէ պաշտոնյայինը:

Տնտեսական ակտիվության ցուցանիշների մասին

Եթե հիշում եք, շատ էր քննարկվում, որ մեր երկրում  տնտեսական ակտիվության ցուցանիշը սեպտեմբերին անկում է ապրել, եւ ըստ էության, կառավարության մեկնաբանությունը հետեւյալն է. տեղի են ունենում բնականոն գործընթացներ, երկրի տնտեսությունը տրանսֆորմացիայի գործընթաց է ապրում եւ տեղի է ունենում տնտեսական կառուցվածքի փոփոխություն:

Արդեն հոկտեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշները գալիս են վկայելու, որ իրավիճակի նման մեկնաբանությունը հիմնավոր է, որովհետեւ սեպտեմբերի անկումից հետո մենք հոկտեմբերին 3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք ունեցել: Այսինքն՝ ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ այն պայմաններում, երբ երկրի ավանդական ոլորտները երկնիշ անկում են արձանագրել, խոսքը գյուղատնտեսության եւ հանքարդյունաբերության մասին է:

Մենք հոկտեմբերին ունենք արդյունաբերության 8,1-տոկոսանոց աճ, որը տեղի է ունեցել արտադրության, այլ ոչ թե հանքարդյունաբերության հաշվին: Սա մեզ համար բավականին լավատեսական եւ ուրախացնող ցուցանիշ է, միեւնույն ժամանակ, ի տարբերություն սեպտեմբերի՝ հոկտեմբերին ունեցել ենք արտահանման 12-տոկոսանոց աճ, ինչը նշանակում է, որ մեր կանխատեսած եւ բարձրաձայնած առողջացման պրոցեսները մեր երկրում տեղի են ունենում:

 Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

 

 

Ներդրումների մասին

Անկեղծ ասած, ես այդ թեմային խուսափում էի անդրադառնալ եւ հիմա էլ առանձնապես գոհ չեմ, որ պետք է անդրադառնամ, որովհետեւ չեմ ուզում այս խնդրի մասին խոսել, քանի դեռ կոնկրետ ներդրումներն իրականություն չեն դարձել:

Բայց հիմա, քանի որ մենք նոր փուլ ենք մտնում, ուզում եմ վստահորեն արձանագրել, որ եթե այն տնտեսական ներդրումային ծրագրերը, որոնց վերաբերյալ այս պահին արդեն կան շատ կոնկրետ պայմանավորվածություններ եւ պարտավորություններ, մեր պայմանավորված ժամկետներում իրականություն դառնան, ապա արդեն հաջորդ տարի Հայաստանի Հանրապետությունը տնտեսական առումով բոլորովին նոր կարգավիճակ կունենա, որովհետեւ այդ մի քանի խոշոր ներդրումային ծրագրերն ի վիճակի կլինեն ոչ միայն ամբողջությամբ փոխել Հայաստանի տնտեսության կերպարը, այլ նաեւ նոր հորիզոններ կբացեն մեր հետագա տնտեսական զարգացման համար:

 Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Փոքր բիզնեսը պետք է դառնա միջին, միջինը՝ խոշոր  

Մենք ուզում ենք եւս մեկ անգամ վերահաստատել, որ Հայաստանում սեփականության վերաբաշխում չի լինելու, սեփականության իրավունքը երաշխավորված է, ներդրումների անվտանգությունը երաշխավորված է:

Մենք հույս ունենք, որ յուրաքանչյուր ոք, ով քայլ ունի անելու, անպայման կանի այդ քայլը, ընդ որում մենք հույս ունենք, որ այդ պրոցեսին կներգրավվեն նոր մարդիկ, նոր ուժեր եւ, Հայաստանի Հանրապետությունն իսկապես կդառնա մի երկիր, որտեղ ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանում է, այլ փոքր բիզնեսը դառնում է միջին, միջինը՝ խոշոր  եւ այդպես շարունակ: Սա շատ կարեւոր արձանագրում է, որովհետեւ երբեմն տպավորություն է ստեղծվում, որ մենք, պայքարելով հանուն փոքր բիզնեսի, ուզում ենք այնպես անել, որ այն հավերժ մնա փոքր եւ, պայքարելով ընդդեմ խոշոր բիզնեսի, ուզում ենք այնպես անել, որ նա հնարավորինս փոքրանա:

Առնչվող Հոդվածներ