Ռազմական

ԱՄՆ-ը առաջարկ ունի՞ հայկական զինուժին

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, նախանշվել են համագործակցության հետագա ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»:

Ինչ է հետաքրքրել ԱՄՆ դեսպանին Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբում: Այդ հետաքրքրության առարկան եղել է դեռևս պատերազմի ընթացքում ԶՈՒ զեկո՞ւյցը, որ պետք է անել ամեն ինչ օր առաջ անհավասար պատերազմը կանգնեցնելու համար, թե՞ ԱՄՆ հետաքրքրության առարկան այժմ ոչ այնքան անցյալ պատերազմն է, որքան Հայաստանի զինված ուժերի ապագան:

Բանն այն է, որ այդ հարցը ունի ռեգիոնալ հիմնարար նշանակություն: Երբ խոսվում է պատերազմի հետևանքով ստատուս-քվոյի փոփոխության մասին, ապա այստեղ խնդիրը միայն աշխարհագրական կամ քաղաքական չէ, այլև ռազմաքաղաքական: Այդ համատեքստում է և այն, որ փոխվել է ռեգիոնալ անվտանգության համակարգի առանցքը: Եթե մինչև սեպտեմբերի 27-ը այն հայկական էր, այդ առանցքը պահում էր հայկական զինուժը՝ առնվազն հոգեբանական առումով, ապա սեպտեմբերի 27-ից և մասնավորապես նոյեմբերի 9-ից հետո ռեգիոնալ անվտանգության առանցքի հոգեբանական կարգավիճակը դրվել է Բաքվի զինուժի վրա, իսկ դե ֆակտո կառավարումը իրականացվում է ռուս-թուրքական ձևաչափում: Սա նշանակում է հայկական սուբյեկտության բացակայություն: Այդ սուբյեկտության մասին խոսելը կլինի ինքնախաբեություն, քանի դեռ վերականգնված չէ հայկական զինված ուժերի լիարժեք ներուժը:

Սակայն միևնույն ժամանակ խոսք կարող է լինել ոչ թե լիարժեք ներուժի վերականգնման, այլ գործնականում նոր զինուժի ձևավորման մասին՝ հաշվի առնելով այն, որ հայկական զինված ուժերը ունեն նոր սերնդի պատերազմներին համապատասխանեցվելու կարիք: Այդ իմաստով ԱՄՆ-ը առաջարկ ունի՞ Հայաստանին: Սա առանցքային հարց է ոչ միայն ռազմական, այլև ռեգիոնալ ռազմաքաղաքական և անգամ տնտեսական հեռանկարների իմաստով:

Ավելի վաղ հոդվածում անդրադարձել էինք այն խնդրին, որ հայ-ամերիկյան հարաբերության գործնական հեռանկարի մասին խոսակցությունը առարկայական կարող է լինել այն դեպքում, երբ Հայաստանի համար ձևավորվեն ռազմաքաղաքական անվտանգության իրական, համոզիչ այլընտրանքային երաշխիքներ: Հակառակ դեպքում, եթե ներկայիս ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանի ու Արցախի համար անայլընտրանք երաշխիք է, բնական է, որ հայկական սուվերեն քաղաքականության հեռանկարը մշտապես մնալու է այդ երաշխիքի ենթակայության տակ:

Ըստ այդմ՝ ռազմաքաղաքական անվտանգության տեսանկյունից ի՞նչ առարկայական և գործուն առաջարկ կարող է անել Վաշինգտոնը Երևանին, որը թույլ կտա Մոսկվային լսելուց բացի՝ նաև խոսել թե՛ Մոսկվայի, թե՛ Վաշինգտոնի, թե՛ Փարիզի և թե այլ աշխարհաքաղաքական դերակատարների հետ՝ այդպիսով սկսելով առնվազն հոգեբանորեն փոխել ռեգիոնալ նոր ստատուս-քվոն, որ Հայաստանին ու Արցախին պարտադրվել է պատերազմով:

Նյութի աղբյուր՝www.1in.am

Առնչվող Հոդվածներ