Քաղաքականություն

Այդ օրվանից սկսվել է բանակի քանդման գործընթացը. Մովսես Հակոբյանի սենսացիոն բացահայտումները

ՊՆ Ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանն ասուլիսում անդրադարձավ հարցին, թե ինչու մենք պարտվեցինք։

«Պարտությունը դա կործանում չէ, պարտությունը նոր հաղթանակ կերտելու հնարավորություն է։ Դա պետք է գնահատես ու այդտեղից ճիշտ հետևություններ կատարես։ Որո՞նք են պատճառները։ Առաջին մեծ պատճառը ղեկավարումն է՝ Զինված ուժերը խաղաղ պայմաններից պատերազմի բերելու ընթացքում և պատերազմի ընթացքում ղեկավարելը։ Եվ մեր բոլոր անհաջողությունները սկսվել են ԶՈւ նախապատրաստումից պատերազմին։ Երբ ես ազատվել եմ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից, հիմնավորում եմ պահանջել վարչապետից՝ ինձ ազատելու համար։ Այդ հիմնավորումը տևել է 5 օր։ Հինգ օր անց մտել եմ վարչապետի մոտ ու պահանջել հիմնավորում, թե չէ դիմում չեմ գրել։ Հիմնավորումը բերել է, ինձ բավարարել է, ասել եմ՝ իրավունք ունեք հրաման գրեք, ես չեմ բողոքարկելու։ Նաև առաջարկել եմ պաշտոնյա, ով պատրաստ էր ինձ փոխարինել։ Երբ իմացա ում է նշանակել ԳՇ պետ, այսպիսի արտահայտություն եմ արել՝ դուք նշանակել եք Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի ամենից անպատրաստ գեներալի։ Արտակ Դավթյանի մասին է խոսքը։ Եվ այդ օրվանից սկսվել է բանակի քանդման գործընթացը»,- ասաց նա։

Մովսես Հակոբյանը նշեց՝ այսօր հարցադրումներ են հնչում՝ սա դավաճանությո՞ւն է։ «Դավաճանություն չէ, անգրագիտություն է։ Եվ պատերազմի արվեստին չտիրապետելն է, և ղեկավարման համակարգին չտիրապետելը։ Բոլորն, ովքեր կռվել են, տեսել են՝ պրոբլեմները որտեղ են։ Ես գրավոր փաստաթուղթ ունեմ վարչապետի սեղանին դրված, որտեղ այս պրոբլեմները, որոնք հնչեցնելու եմ, բոլորն իր մոտ կան։ Ես կանդրադառնամ մի փուլի, որը կոչվում է ԶՈւ կատարելագործման պլան, որի մեջ նաև ներառվում է ԶՈւ օպտիմալացումը։  Եվ այդ պլանը ենթարկվել է փոփոխության՝ հակառակ ուղղությամբ, մարտավարական օղակը կրճատվել է, օպերատիվ օղակը՝ ավելացվել։ ԳՇ և ՊՆ անձնակազմի քանակը համարյա կրկնապատկվել է՝ 98 տոկոսով ավելացել է բարեփոխման ընթաքում։ Հրամանը շատ վատն է՝ 000-38, մարտի մեկի հրամանից մի զրո ավելի։ Դրա փոխարեն կրճատվել է մարտավարական օղակը՝ սկսած վաշտից, ավարտված գնդերով։ Կրճատել են հինգ գունդ, որտեղ կար ամբողջ սպայական կազմը՝ իր հրետանիով, կապի միջոցներվ, իր ամեն ինչով՝ բացի զինվորներից։ Եվ այդ զորամասերը պիտի պատերազմի ժամանակ լրահամալրվեին և փոխարինեին այն զորամասերին, որոնց մի մասը խնդիր ուներ։ Դրանից զատ Արցախի բոլոր պաշտպանական շրջաններում, որ պետք է ձևավորվեին ևս մեկ գումարտակ, կրճատվել է։ Դրանից ներքև սկզբում մեկ վաշտ է կրճատվել, այնուհետև իմ պնդմամբ հասել են դասակների։ Մեկական դասակ է կրճատվել բոլոր վաշտերում։ Եվ այսպես շարունակ, որը բերել է այսօրվա պատերազմի իրավիճակին։ Հաշվարկները պետք է կատարվեին վատագույնի դեպքում»,- ասաց նա։

Մոսվես Հակոբյանի խոսքով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ Արցախի լրահամալրման պլանն իրականացվել է 78 տոկոսվ, ՀՀ-ում՝ 52 տոկոսով։ Դա պետք է անեին 40 ժամվա ընթացքում, բայց 5-րդ օրն է եղել։ Եվ այստեղից ծնվել են մեր բոլոր խնդիրները, հավելեց նա։

«Եվ այստեղ ևս մեկ հանցագործություն է  կատարվել, որ երկրի ղեկավարը կանգնեցրել է լրահամալրումը։ Ինքը շատ բարդ գործընթաց է, բանակի բոլոր գործընթացներից ամենաբարդն է։ Այստեղ ազնիվ պետք է լինենք՝ եթե քաղաքական ղեկավարությանը մեղադրում ենք սրա համար, նաև զինվորականներն ունեն որոշակի սխալներ։ Այնտեղ, որտեղ պետք է իրականացվեր լրահամալրում, հակառակորդի կողմից իրականացվել է լուրջ հրետանակոծություն, և ԱԹՍ-ները չեն թույլատրել այդ անձնակամզի ընդունման կետերն ամբողջությամբ բացազատել և լիարժեք կատարել։ Եվ այստեղ հրամանատարներն արագ որոշում պետք է կայացնեին, կետերը փոխեին և համալրման ձևը։ Երկրի վարչապետը հրաման է արձակում՝ կանգնեցնել լրահամալրումը և կամավորականներին ուղարկել առաջնագիծ՝ պատերազմի երրորդ օրը։ Եվ ինչ ենք ունեցել մենք արդյունքում՝ կամավորական ջոկատները գալիս են, փայլուն տղերք են, գալիս են այնտեղ, որևէ սպառազինություն, որևէ հանդերձանք չունենք, զորամասերում նրանց համար նախատեսված որևէ սպառազինություն ու հանդերձանք չկա։ Մարդը, որը չունի գործող կապի համակարգ հիմնական անձնակազմի հետ, ինչպե՞ս նա պետք է կռվի։ Եվ պատճառն առաջին իսկ մարտի ժամանակ այդ մարդկանց մի մասը կոտորվում է մարտի դաշտում, մի մասը խուճապահար փախչում։ Ես թիվ կհնչեցնեմ, որը ձեզ կսարսափեցնի՝ 5-րդ օրն արդեն Արցախում 1500 հոգի մարդ ունեինք փախած, որոնք իզոլացվել են տարբեր տեղեր, որ չվերադառնան Հայաստան ու խուճապ չտարածեն։ Եվ այդքան մարդու վրա մարդ է նշանակվել՝ զորքից կտրվելով, որպեսզի նրանց պահեն։ Նրանց կերակրել են բանակի սնունդով։ Եվ մի մասի հետ բացատրական աշխատանքներ են տարվել, որպեսզի նրանց վերադարձնեն բանակի շարքեր։ Փախածների սկիզբը դրել են կամավորականները, դրանց միացել է կցագրված անձնակազմը»,- հայտարարեց Մովսես Հակոբյանը։

Առնչվող Հոդվածներ