Հասարակություն

Այսօր չասենք բաներ, որոնց համար գուցե վաղը ամաչենք…

Ընկերներն ու ֆեյսբուքյան ամենատարբեր օգտատերեր իրենց գրառումներով փորձում են  Ազգային Ժողովի պատգամավոր Թագուհի Ղազարյանին ոգևորել ու նաև պայքարել, իրենց իսկ խոսքով, Թագուհու հանդեպ ծավալված մեդիա-գրոհի դեմ:

«Թագուհու նման մարդկանց շատ կարիք ունի այս երկիրը, ամենալավ բանը որ այս հեղափոխությունը տվել է մեզ այն է, որ իր նման մարդիկ վերջապես հայտնվեցին Ազգային Ժողովում»,- գրել է Լարա Ահարոնյանը:

Գրող Արփինե Ոսկանյանն էլ հետևյալ գրառումն է կատարել. «Նայեցի Թագուհի Ղազարյանի քննարկվող վիդեոները եւ չհասկացա՝ ինչի վրա են ղժժում ղժժացողները։ Միակ պատճառաբանությունը մնաց էն, որ կին լինելու համար են էս բոլոր ստորացման փորձերը։ Նույնն էլ՝ Մակունցի դեպքում, թեպետ վերջինս մի քանի անհեթեթ բան ասել ա՝ ի տարբերություն Թագուհու։ Չտեսա, որ էս ձեւով՝ ծաղրուծանակով, կեղտ ցփնելքվ թիրախավորեն որեւէ տղամարդ պատգամավորի։ Էն դասախոսի վրա, որ ԱԺ ամբիոնից գրաբարով էր խոսում, արագ զվարճացանք, անցավ։ Նույնն էլ կոկորդիլոսների թեմայով։ Անչար զվարճանք էր։ Կանանց հանդեպ չարությունը ակնառու է։ Ակնառու էր նաեւ Արփինե Հովհաննիսյանի ու Զարուհի Փոստանջյանի դեպքում։ Մեր հասարակությունը կնատյաց է ու կնասպան։ Կինը իրավունք չունի ձգտելու ինչ-որ բանի, ու եթե ձգտում է, պիտի կյանքով վճարի։ Կապ չունի, որ էդ բանն ու կյանքը համարժեք չեն։ Կյանքը ցանկացած ձգտման գինն է։ Ու դա բոլոր ոլորտներում է։ Արվեստում տղամարդ միջակները կարող են որոշակի ճանաչման ու հեղինակության հասնել, բայց կինը նույն մակարդակի ճանաչում ու հեղինակություն ձեռք բերելու համար պիտի հանճար լինի»։

 

Հռիփսիմե Գալստյանն էլ այս գրառումն է կատարել. 

«Բոնուսը՝ սկզբում.
Յուրաքանչյուր ակցիային Թագուհին առաջին գնացողներից էր լինում: Բայց ամեն անգամ, երբ ինձ էլ հորդորում էր միանալ, ես գտնում էի արդարացումների կույտ, որ չգնամ, որովհետև ես երբեք իր չափ համարձակ չեմ եղել ու չեմ: «Էլեկտրիկ Երևանի» առաջին օրերն էին, հունիսի 25-ին համարձակվեցի դեմ գնալ ինձ համար անհանգստացող, ոչ մի բանի փոխվելուն չհավատացող մեր տնեցիներին ու գնացի Երևան: Թագուհին խոսելիս միշտ ասում էր, որ ոչ մի բանի կարիք չկա, միայն մարդու կարիք կա, երեխեքը հյուծվել են էդքան արևի տակ նստելուց, բայց չեն էլ կարող թողնել գնալ հանգստանալու, եթե նոր մարդիկ չգան: Հասա Բաղրամյան ու զանգեցի Թագուհուն: Պարզվեց՝ քանի օր արևի տակ նստելուց, ասֆալտին քնելուց ուժասպառ ա եղել ու ի վերջո գիտակցությունը կորցրել: Զոռով տուն էին տարել: Ինձ միշտ ուղեկցելու ա էդ հեռախոսազրույցի պահին ապրած ամոթի զգացումը!!!

Էս օրերին մտածում էի՝ դե ինչ էլ ասեմ, ասելու եք. «Ընկերուհին ա, բա պետք ա պաշտպանի, օբյեկտիվ չի, էմոցիոնալ ա», ու լռում էի: Բայց եկեք ասեմ էլի)) Խոստանում եմ անտակտ չլինել:

Ֆեյսբուքը խոսում է մեկի մասին, որին ճանաչում է Ագնեսային տված հարցազրույցից ու դրան հաջորդող օրերից: Բայց ախր էդպես ո՞նց կլինի)))

ա) Կասկածի տակ եք դնում իր ինտելեկտը: Կարող եմ առաջարկել՝ կարդալ Թագուհու բազմաթիվ գիտական հոդվածները: Լինքերը կդնեմ մեկնաբանություններում, կկարդաք, հետո միասին կքննարկենք դրանք: Հաստատ ավելի հաճելի ու օգտակար քննարկում կստացվի, քան մազերի գույնի ու կտրվածքի մասին զրույցներն են))

Էն, որ դուք իրեն նոր եք հայտնաբերել, իր մասին չի, ձեր մասին ա։ Էդ նշանակում ա, որ առնվազն 2013 թվից ոչ մի քաղաքացիական անհնազանդության չեք մասնակցել, հեղափոխության օրերին հրապարակում ոչ մի անգամ չեք եղել։ Տո ի՞նչ հրապարակ, իսկի լայվ էլ չեք նայել :ՃՃ

Չեմ ալարել ու գտել եմ ամենաթարմ պայքարի առաջին ու վերջին օրերի նկարները. մեկն ապրիլի 13֊ին ա՝ Նիկոլ Փաշինյանի քաղաք մտնելու օրը՝ հարթակին՝ ազատության հրապարակ: Մյուսը՝ հանրապետության հրապարակ՝ մայիսի 8, ընտրվելու օրը: Ինքը եկել ա Մաշտոցի պուրակից, «100դրամ»-ից, «Էլեկտրիկ Երևանից», 2018-ի ապրիլ-մայիսյան պայքարից:

Ես համոզված եմ, որ երբ 5 տարի անց վերադառնանք էս խոսակցությանը, ոչ միայն Թագուհու նկատմամբ վերաբերմունքը փոխված կտեսնեմ (որովհետև ես հաստատ գիտեմ, որ ինքը լավ է աշխատելու), այլև կտեսնեմ, որ մեր հասարակությունն ազատվել ա մարդկանց մասին կլիշեներով մտածելու սովորությունից ու սկսել ա գնահատել բովանդակությունը: Ու ես էս օրերին ապրածս դառնությունը հիշելով մեկ ա հպարտորեն կժպտամ, որ էդ փոփոխության առաջին հարվածն իր վրա վերցնողը դարձյալ եղել ա Թագուհին, որը տարիներ շարունակ քաղաքացիական անհնազանդությունների միջոցով փոփոխությունները սկսելու պրոցեսում էր իր վրա վերցնում առաջին հարվածը: Եկեք միշտ հիշենք, որ վաղվա օրն անակնկալ է, ուրեմն էսօր չասենք էնպիսի բաներ, որոնց համար գուցե վաղը ամաչենք»:

Առնչվող Հոդվածներ