Քաղաքականություն

Անհանգստացնող ցուցանիշներ. Հայաստանի վիճակը բարդանում է

Ֆինանսների նախարարության կողմից ներկայացված պետական պարտքի ամփոփ ցուցանիշներից պարզ է դառնում, որ ՀՀ պետական պարտքը 2018թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ նախորդ տարվա համեմատ բավական մեծ է աճ է գրանցել՝ հասնելով մոտ 7 մլրդ դոլարի: Ըստ այդմ՝ մեկ տարվա ընթացքում գրանցված աճը կազմել է գրեթե 150մլն դոլար. մոտ 6.4մլրդ դոլարն կառավարության պատքն է, որից մոտ 5մլրդ-ն՝ արտաքին պարտքը:

Պետական պարտքի թեման իրականում վաղուց վերածվել է հավերժական մի հարցի, որի մասին խոսել կարելի է անվերջ՝ ինչպե՞ս եղավ, ո՞ւմ մեղքով, ո՞ւր գնացին միլիարդները և այլն:

Վիճակագրությունը հուշում է, որ իրականում Փաշինյանի կառավարությունն այժմ կանգնած է չափազանց բարդ խնդրի առաջ. պետք է մի կողմից՝ հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել հասարակության համար զգալի տնտեսական առաջընթաց՝ շոշափելի արդյունքներով, մյուս կողմից, փաստորեն, սպասարկել պետական պարտքը, որին տրամադրվող միջոցներն, ինչպես հասկանալի է, այնքան էլ սակավ չեն, ու խոսքն այս պարագայում հարյուրավոր միլիոնների մասին է՝ դոլարով:

Իսկ սա նշանակում է, որ Հայաստանին հիմա առավել քան երբևիցե հարկավոր են ներդրումներ, կապիտալի ներհոսք ու երկրում եղած միջոցների արտահոսքի կանխարգելում, որպեսզի հնարավոր լինի տարեկան կտրվածքով տնտեսության աճը հասցնել գոնե 7-8%-ի՝ չնայած նույն Համաշխարհային բանկը Հայատանի հնարավորությունները դիցուք ընթացիկ տարվա կտրվածքով գնահատել է ընդամենը 4%-ից մի փոքր ավելին, իսկ կառավարությունը հայտարարել է մոտ 5%-անոց ակնակլիքներ ունենալու մասին:

Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ  վերոհիշյալ թվերը բավարար չեն լինելու՝ առնվազը կարճաժամկետ հեռանկարում գոհացուցիչ համարվելուց, ու չափազանց մեծ է հավանականությունը, որ պետական պարտքը ժամանակի հետ միմիայն մեծանալու է՝ իր հետ բերելով հավելյալ ռիսկեր ու ֆինասնական ծանրաբեռնվածություն:

Ի՞նչ է պետք անել: Ինչպես վերը նշվեց, այս պարագայում երկրի համար օդ ու ջրի պես անհրաժեշտ են լինելու ներդրումներ, կապիտալի ներհոսք, տնտեսության աշխուժացում: Իսկ այս ամենի համար, անասկած, նախևառաջ, հարկավոր է տնտեսական բարենպաստ միջավայր, հարկային հասկանալի քաղաքականություն, ներդրումների իրավական պաշտպանվածության մեծացում, ներդրողների մտահոգությունների փարատում ու փոխվստահության ամրապնդում, այլ ոչ թե անորոշության աճ կամ, առավել ևս, ներդրումային ծրագրերի սառեցում (այս իմաստով պետք է հատկապես կարևորել Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված թնջուկի տրամաբանական հանգուցալուծման անհրաժեշտությունը, որ կարող է դրական ազդակ հանդիսանալ հատկապես արտաքին ներդրողների համար):

Փաշինյանի մասնակցությունը Դավոսի համաժողովին, անկասկած, Հայաստանի համար բացառիկ իրադարձություն է: Վարչապետը մեկնել է այնտեղ, ըստ էության, մեկ նպատակով՝ ավետելու աշխարհին, որ Հայաստանում նոր միջավայր է ստեղծվել, որ  խաղի նախկին կանոնները չեղարկվել են և որ Հայաստանում բիզնես ծավալելու համար ճիշտ լավագույն պայմաններ են առկա:

Ինչ վերջնարդյունք կգրանցվի, իհարկե, դեռ մի փոքր վաղ է ասելը, սակայն անկասկած է, որ  կուտակված խնդիրները ժամանակին չլուծելու ու արտաքին ներդողների համար հավելյալ երաշխիքներ չստեղծելու պարագայում Հայաստանը չի կարող գրավիչ երկիր դառնալ համաշխարհային կապիտալի ու այն տնօրինողերի համար. առանց այն էլ օբյեկտիվորեն մեր երկրի հնարավորությունները չափազանց սահմանափակ են:

Առնչվող Հոդվածներ