Տնտեսական

Աննա Հակոբյանը հաստատեց՝ հանդիպել է խոշոր հարկատուների հետ:

Դավոսյան ծախսերի մասին չի ցանկանում խոսել

Հունվարի 20-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Դավոս, լուրեր տարածվեցին, որ նրա հետ Շվեյցարիա են մեկնել նաև ընտանիքի անդամները, որոնք մի քանի օր այնտեղ շքեղ հանգիստ են անցկացրել։

168.am-ը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանից հետաքրքրվեց, թե Շվեյցարիա մեկնե՞լ է, և արդյո՞ք ճիշտ է այն լուրը, որ վերջինս այնտեղ թանկարժեք հանգիստ է անցկացրել։

«Պատմությունը հետևյալն է եղել, ես եղել եմ Դավոսում, ունեցել եմ պաշտոնական հրավեր Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի կազմակերպիչներից, որպեսզի ուղեկցեմ իմ ամուսնուն ֆորումի շրջանակներում։ Բայց անձնական ինչ-որ պատճառներից ելնելով՝ այդ ֆորումում չեմ հայտնվել։ Դավոսի ծախսերի մասով ուղղակի անիմաստ եմ համարում խոսել, չեմ ուզում նույնիսկ արձագանքել»,- ասաց Աննա Հակոբյանը։

Վերջին օրերին տեղեկություն էր շրջանառվում նաև, որ Աննա Հակոբյանը հանդիպել է խոշոր հարկատուների հետ, նրանից փորձեցինք պարզել՝ արդյո՞ք դա ճիշտ է, եթե՝ այո, ապա ի՞նչ նպատակ է ունեցել այդ հանդիպումը։
Աննա Հակոբյանը նշեց, որ այդ լուրը ճիշտ է, ինքը հանդիպում ունեցել է հարկատուների հետ, և նման հանդիպումները պարբերական բնույթ են կրելու։

«Հանդիպման նպատակը եղել է «Իմ քայլը» հիմնադրամի ներկայացնելը, մեր գործունեության ոլորտները, առանձին ծրագրերը։ Ունեցել եմ նաև կոնկրետ առաջարկ, այն է, որ ձևավորվի Հայաստանի դասական երաժշտության բարեկամների խումբ, որպեսզի այդ գումարը կարողանանք ձևավորել, դա եղել է համագործակցության առաջարկություն։

Նման հանդիպումները կարևոր եմ համարում, որովհետև, որքանով գիտեմ, խոշոր կազմակերպություններն ունենում են ռազմավարություն՝ տարվա մեջ նվիրատվություն անել որևէ հիմնադրամի, և ինձ համար կարևոր է, որպեսզի այդ կազմակերպություններն առաջին ձեռքից տեղեկություններ ունենան մեր հիմնադրամի գործունեության մասին և իրենց տարվա բյուջեն ձևավորելիս, եթե ունեն ինչ-որ գումար հիմնադրամին փոխանցելու համար, իմանան, թե մենք ինչով ենք զբաղվում։

Գուցե կկարևորեն և կնախընտրեն մեր ծրագրերից որևէ մեկը և իրենց այդ գումարը կնվիրաբերեն՝ «Իմ քայլը», և ոչ թե՝ մեկ այլ հիմնադրամի»,- եզրափակեց Աննա Հակոբյանը։

Առնչվող Հոդվածներ