Անսպասելի շրջադարձ Քոչարյանի գործով:

Սահմանադրական դատարանը կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության գործով հայցի վարույթը և այն ուղարկել Վենետիկի հանձնաժողով և Մարդու իրավունքների եվրոպական դատարան` խորհրդատվական կարծիքի:

«Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու, և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ»,- նշվում է ՍԴ-ի տարածած հաղորդագրության մեջ: 
Հիշեցնենք, որ Քոչարյանի փաստաբանների դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը որոշելու էր Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
Սահմանադրական դատարանի այս քայլը անսպասելի շրջադարձ է Քոչարյանի գործով, որը կարող է փոխել ոչ միայն գործի ընթացքը, այլ նաև Քոչարյանի իրավական և քաղաքական կարգավիճակը: Սահմանադրական դատարանը իր ապագա որոշման հիմքում անպայմանորեն դնելու է Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը, որը մի կողմից յուրօրինակ ապահովագրություն է ՍԴ-ի համար: Մյուս կողմից էլ այդ եզրակացությունները ակամայից դառնալու են միջազգային յուրօրինակ փորձաքննություն` Քոչարյանի նկատմամբ կիրառված իրավական քայլերի գնահատման առումով: 
Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԵԴ-ի ներգրավումը փոխում է գործի ընթացքը ոչ միայն և ոչ այնքան մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի, այլ նաև Հայաստանի ներկա իշխանության, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար: Մեկ այլ բան է հայտարարել, թե Հայաստանի դատական համակարգը Հայաստանի հանրության շրջանում չունի բավարար վստահություն, բոլորովին այլ բան` նույն մեղադրանքն ուղղել Վենետիկին և ՄԻԵԴ-ին կամ նրանց համար վեթթինգ պահանջել: Ի վերջո, դատական համակարգի վստահությունը բարձրացնելու և իրավական պետություն դառնալու իրական ճանապարհը ցանկացած գործի, հատկապես հանրային կան արձագանք գտած Քոչարյանի գործի քննությունը օրենքի շրջանակում, բացառապես դատական ընթացակարգերով առաջ տանելն է: Մնացած բոլոր ճանապարհները քաղաքական են, հետևապես անընդունելի, որովհետև քաղաքականացված դատական համակարգի կործանարար հետևանքը մենք արդեն տեսել ենք:

hayeli.am

Նմանատիպ գրառումներ