Քաղաքականություն

Աշխատավարձը քիչ է. Լիլիթ Մակունցն արդարացնում է մարզպետների պարգևավճարները:

Որքանով ես տեղյակ եմ, մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգքով, չեն գերազանցել իրենց լիազորությունները: Եթե խոսում ենք պարգևատրումներից, ապա դրանք տեղի չեն ունեցել միայն մարզպետարաններում, դրանք եղել են նաև օրինակ ԱԺ-ում, նաև՝ նախորդ: Այսօր՝ հունվարի 21-ին, խորհրդարանում հայտարարեց Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով մարզպետների պարգևագտումների և ինքնապարգևատրումների մասին:

«Ես չգիտեմ, թե ինչ հաճախականությամբ են լինում պարգևավճարները: Այստեղ խնդիրն առաջին հերթին ցածր աշխատավարձն է, իսկ երկրորդը՝ տարվա ընթացքում լավագույն աշխատողները պետք է խրախուսվեն: Ինչ վերաբերում է ինքնապարգևատրումներին, օրենքը դա թույլ է տալիս»,-հայտարարեց Մակունցը՝ նշելով, որ դա իր կարծիքն է, իսկ խմբակցությունում այդ հարցը դեռ չեն քննարկել:

Ինչ վերաբերում է հանրության ընկալմանը, Իմ քայլը խմբակցության ղեկավարն ասաց, որ այն չափազանց կարևոր է իրենց համար՝ չբացառելով, որ խմբակցությունում կարող են քննարկել հարցը, թե ինչպես կարելի է սահմանափակումներ մտցնել պարգևատրումների մասով:

Մակունցը խոսեց նաև կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին՝ հայտարարելով, որ այդ հարցը խմբակցությունում դեռ չի քննարկվել, քանի որ նման նախագիծ դեռ չեն ստացել կառավարությունից. «Այո, նշանակված է նախարարների մեծ մասը, բայց մենք չգիտենք, թե ինչ ձևաչափով են լինելու մի քանի նախարարությունները: Այդ առումով չենք կարող քննարկում անել»:

ԱԱԾ-ի և Ոստիկանության մասով Մակունցը հայտարարեց, որ դրանք պետք է հաշվետու լինեն խորհրդարանին. «Սրա համար խորհրդարանն արդեն այսօր ունի նման լծակներ: Մենք պետք է հասկանանք մեր նպատակները: Եթե կարծում ենք, որ այդ կառույցները պետք է ավելի հաշվետու լինեն, մյուս խմբակցությունենրի հետ պետք է գտնել համապատասխան ձևաչափը: Այդ հարցը դեռ չենք քննարկել խմբակցությունում, բայց իմ անձնական կարծիքով Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չպետք է վերածվեն քաղաքական կառույցներին, չպետք է ունենան քաղաքական ուղղորդվածություն»:

Առնչվող Հոդվածներ