Հասարակություն

«Ավտորիտար» Նիկոլի անմեղսունակ կադրը. Իրանից պատասխանը չուշացավ

Հայաստանի Ազգային ժողովը լցված է անփորձ պատգամավորներով, և մենք այլևս պետք է պատրաստ լինենք յուրաքանչյուր օր՝ նոր և առավել անքաղաքավարի ելույթ լսելու, որտեղ կա վիրավորանք, սուտ, կեղծիք, չհիմնավորվող պնդումներ:

Այդպիսի խոսք այսօր լսեցինք «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Կոնջորյանի կողմից, ով հարևան բարեկամական երկրին հավասարեցրեց Ադրբեջանի և Թուրքիայի հետ և անվանեց «ավտորիտար բնույթի պետություն»:

Եթե չխոսենք այն մասին, որ Հայկ Կոնջորյանի ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին, վարչապետ նշանակվելու առթիվ, փաստորեն, շնորհավորել էր ավտորիտար երկրի նախագահ Հասան Ռոուհանին, ապա պետք է պնդենք, որ դիվանագիտական էթիկայի խախտում է իշխանության ներկայացուցչի նմանատիպ արտահայտությունը: Բացի այդ, ավտորիտար ռեժիմի մասին խոսելուց առաջ Կոնջորյանը պետք է ետ նայեր և տեսներ իր մեջքի հետևում գտնվող բարձրադիր ամբիոնում ձայնային ի՞նչ հարաբերակցությունով են ընտրվել:

Մի կողմ թողնելով Իրանի կառավարման համակարգն ու իրենց խնդիրները՝ պետք է նկատել, որ Հայկ Կոնջորյանն ու իր ընկերները դեռ չեն հասկանում, որ իշխող ուժ են մեր երկրում և իրենց խոսքը թելադրում է մեր արտաքին քաղաքականությունը: Հարևան երկրի հասցեին, որի հետ փորձում ենք հնարավորինս ջերմ հարաբերություններ ունենալ, նման միտք արտահայտելը պարզապես անմեղսունակ գործչի խոսք է:

Հետաքրքիր է, մեր ողջ քաղաքական էլիտա՞ն է այդպես կարծում, խմբակցությա՞ն, թե՞ դա Կոնջորյանի անձնական կարծիքն է, բայց այն չպետք է արտահայտել երկրի բարձր ամբիոնից:

Ի դեպ, Կոնջորյանն արդեն հասցրել է լրագրողների հետ զրույցում ասել, որ վրիպակ է թույլ տվել, բայց պետք է փաստել, որ նման տարրական գիտելիքների կամ որ ավելի վատ է՝ սեփական լեզվին տիրապետ չկարողացող մարդը հավակնում է լինել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում և Հայաստանը ներկայացնել միջազգային հարթակներում:

Ի դեպ, մինչ նյութը պատրաստվում էր հրապարակման, տեղեկացանք, որ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մոհամադ Հոսեյն Բաղերին այսօր Բաքվում հայտարարել է, թե Իրանը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Հետևությունները թողնում ենք ընթերցողին, իսկ պատասխանատվությունը՝ անձամբ վարչապետի ղեկավարած ուժի ուսերին՝ յուրայինների կազմը տգետ անպատասխանատուներով համալրելու համար։

NEWSPRESS.am

Առնչվող Հոդվածներ