Հասարակություն

ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ՍՐՃԱՐԱՆԸ 99 ՏԱՐՎԱ ՊԱՅՄԱՆԱԳԻ՞Ր ՈՒՆԻ:

Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժումից հետո որոշ իրազեկ աղբյուրներից տեղեկացանք, որ ՀՀՇ վարչության նախագահ և Կենտրոնի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանին  պատկանող «Կարապի լիճ» սրճարանը 99 տարվա վարձակալության պայմանագիր ունի, ուստի ենթակա չէ ապամոնտաժման։
Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ   դժվարացավ պատասխանել Զուրաբյանի սրճարանի մասով և նշեց, որ սա, ինչպես նաև այլ սեփականատերերի վարձակալության պայմանագրերի մասին տեղեկատվությունը, ենթակա է գրավոր հարցման։ Ամեն դեպքում, Հակոբ Կարապետյանն ասում է, որ պայմանագրի ժամկետը որևէ կապ չունի սրճարանի քանդման-չքանդման հետ։

«Տարբեր պայմանագրեր կան՝ տարբեր հիմքերով, քանի որ ապամոնտաժված սրճարանների հետ կնքված սրճարաններից մի քանիսն ունեին մինչև 2026-2028 թվականները։ Բայց դրանք ապամոնտաժվել են այլ հիմքերով»,- ասաց Հակոբ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ դեռևս, քաղաքապետարանի մեկնաբանությամբ, այդ պայմանագրերում նշված է, որ Երևան քաղաքի տարածքները տնօրինող քաղաքային իշխանությունն ամեն վայրկյան կարող է վարձակալներից հետ վերցնել այդ տարածքները, հետևաբար, այն ծախսերը, որ արվել են շինարարության մեջ, տնտեսվարողների՝ ռիսկերի գնահատման տիրույթում էին։
Զարմանալի է, բայց Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանն էլ չէր հիշում պայմանագրի ժամկետի մասին։ Միայն ասաց՝ եթե պետք է, կարող ենք հետաքրքրվել, ու ավելացրեց․ «Արարատ Զուրաբյանի կաֆեի հետ կապված խնդիրներ կան, բայց ո՛չ մեզ հետ, մենք առայժմ խնդիր չունենք էդ մասով»։
Զուրաբյանի հեռախոսն արդեն երևի մեկ ամսվա չափ անջատված է, ուստի, նրանից անձամբ ճշտել չհաջողվեց։

Առնչվող Հոդվածներ