Քաղաքականություն

Արա Բաբլոյանը հրաժարվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ):

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ չի առաջադրվի պատգամավորի թեկնածու: “Գնում եմ առղջապահության ոլորտ, այլ պատճառ չկա, ես 71 տարեկան եմ, բավական է ինչքան գործունեություն եմ ծավալել”,- ասաց Բաբլոյանը:

Նա նշեց, որ հիմա պետք է առաջադրվեն ավելի երիտասարդ, բայց միաժամանակ փորձ ունեցող գործիչներ:

Նա անդրադարձավ ՀՀԿ-ական որոշ գործիչների, օրինակ, Վիգեն Սարգսյանի հայտարարություններին, որ ՀՀԿ-ն պետք է անպայման մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին: Բաբլոյանն ասաց, որ ինքը համամիտ է՝ ՀՀԿ-ն պետք է մասնակցի: Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ՀՀԿ շանսերը, նա պատասխանեց. “Չեմ կարող ասել, բայց գիտեմ, որ ՀՀԿ-ն ունի լուրջ մարդկային և մասնագիտական պոտենցիալ և կարծում եմ՝ այդ պոտենցիալը պետք է օգտագործել հետագա մեր զարգացումների համար”:

Անդրադառնալով ՀՀԿ-ականների հայտարարություններին, թե ՀՀԿ-ն կարող է մասնակցել ընտրություններին, գալ խորհրդարան, վերափոխվել, այդ հնարավորությունը կա՞, Բաբլոյանը պատասխանեց. “Իսկ ինչո՞ւ չէ: Եթե դուք վերցնեք անհատներին, դուք նշեցիք Վիգեն Սարգսյանին, հիմա ես ուզում եմ իմանալ՝ մենք ի՞նչ թերություն ենք տեսնում այդ անձի կողմից: Մենք տեսնում ենք, որ այդ մարդը դրական կերպար ունի, կրթված է, բանիմաց: Եթե ծրագրով ՀՀԿ-ն նախատեսել է գնալ բարեփոխումների և բարեփոխումներ իրականացնել հենց կուսակցության ներսում, որպեսզի կարողանան ավելի ճիշտ մոտեցումներ դրսևորեն, ապա… Ես ձեզ ասեմ՝ մտա կուսակցություն 2012 թվականին և մտա միայն նրա համար, որ կուսակցությունը վերցրել էր այն ճանապարհը, որ գնար մոնոպոլիայի դեմ պայքարեր, կոռուպցիայի դեմ պայքարեր: Ես այն ժամանակ, հենց մտա այդ կուսակցություն, հայտարարություն արեցի”:

Արա Բաբլոյանի խոսքով՝ ինքը մտել էր ՀՀԿ ոչ թե պաշտոն ունենալու համար, այլ նպատակ ուներ ավելի ճիշտ ձևով ծրագրերն առաջ տանել:

Հարցին, թե ինքը ՀՀԿ-ին ընդդիմադիր համարո՞ւմ է, Արա Բաբլոյանը պատասխանեց, որ որևէ կուսակցություն ընդդիմություն կդառնա այն ժամանակ, երբ կլինի փոքրամասնություն: Պետք է ավարտվեն ընտրությունները, դրանից հետո կորոշվի՝ ով կլինի ընդդիմություն, ով կլինի ընդդիմություն:

Առնչվող Հոդվածներ