Հասարակություն

Արենա Զեյնալյանը «Միսս աշխարհ» մրցույթում կունենա 119 մրցակից. նա արդեն մեկնել է:

«Միսս աշխարհ 2018» մրցույթում ՀՀ ներկայացուցիչ Արենա Զեյնալյանը մեկնել է Չինաստանի Սանյա քաղաք: Երեւանից թռիչքը եղել է այսօր՝ նոյեմբերի 8-ի գիշերը: Ինչպես մյուս մասնակիցները, այնտեղ կլինի վաղը: Արենան ՀՀ-ն հեղինակավոր մրցույթում ներկայացնելու հնարավորություն է ստացել այս տարի ամռանը «Միսս հայուհի 2018» ճանաչվելուց հետո: Armtimes.com-ի հետ զրույցում ՀՀ ազգային մրցույթի տնօրեն Գոհար Հարությունյանը նշեց, որ 4 ամիս ժամանակ են ունեցել ու հասցրել են իրենց առավելագույնն անել՝ ի տարբերություն անցած տարվա, երբ Լիլի Սարգսյանն ընդամենը 3 շաբաթ ուներ:

«Զուգահեռներ եմ անցկացնում անցած տարվա Լիլի Սարգսյանի մասնակցության հետ: Նույն տեսահոլովակները, որ նրա հետ էինք արել, հիմա շատ ավելի կատարելագործված են, ճիշտ, որտեղ ե՛ւ Հայաստանն ենք ներկայացնում, ե՛ւ մշակույթը, ե՛ւ Արենային՝ որպես մեր գեղեցկուհի»,- ասաց նա:

Գոհարը չի ցանկանում համեմատել Լիլիին ու Արենային, սակայն նկատում է, որ նրանց միջեւ մոտեցման տարբերություն կա: Լիլին, որն այն ժամանակ ընդամենը 17 տարեկան էր, ավելի թեթեւ էր վերաբերվում ամեն ինչին, 25-ամյա Արենան ավելի խորությամբ է մոտենում յուրաքանչյուր հարցի:

«Արենան առաջին իսկ օրվանից շատ կախում չի ունեցել մեր հիմնադրամից: Շատ բաներ ինքնուրույն է արել: Լիլին շատ ավելի հանգիստ էր, իսկ ինքն ավելի անհանգիստ բնավորություն ունի եւ ավելի կատարելության է ձգտում: Երեւի դա տարիքից է»,- նշեց Գոհարը՝ ընդգծելով, որ Արենան ուզում է ոչ միայն մասնակցել այլեւ հաղթել կամ տեղ գրավել:

Թեեւ ՀՀ մասնակիցը նախապատրասվելու բավական ժամանակ է ունեցել, սակայն դժվարություններն էլ քիչ չեն եղել: Գոհարը նշում է, որ որոշ դեպքերում անգամ առաջին հայացքից հեշտ թվացող գործերը դժվարությամբ են իրականացվել: Մինչեւ վերջին պահը նույնիսկ վտանգ է եղել, որ գուցե չկարողանա մեկնել:

«Շատ խնդիրներ եղան, անգամ մի փոքր հարց, որը հեշտությամբ պետք է լուծվեր, օրինակ, անձնագրի խնդիրը (խմբ. Իրանից է, պետք է ՀՀ քաղաքացի լիներ մասնակցելու համար), շատ տանջվեցինք՝ մոտ 2.5 ամիս: Ընդհուպ նրան էր հասել, որ գուցե չգնար անձնագրի պատճառով: Այդպես մի քանի հարց բավական դժվար լուծվեց: Մինչեւ երեկ հնարավոր է՝ չմեկներ. տոմսի, ուղեբեռի հետ կապված խնդիրներ ունեինք, որ թվում էր՝ հեշտ պետք է լուծվեն, բայց…»,- ասաց նա՝ ավելացնելով, որ անկախ ամեն ինչից՝ Արենան միշտ ժպիտը դեմքին է եղել:

«Միսս աշխարհ 2018»-ին մասնակցում է 120 երկիր: Մրցույթն ընթանալու է 1 ամիս: Եզրափակիչը կայանալու է դեկտեմբերի 8-ին: Մինչեւ այդ Արենան մասնակցելու է տարբեր փուլերի: 120-ից եզրափակիչ են անցնելու 40 այն մասնակիցները, որոնք իրենց լավագույնս կդրսեւորեն այդ փուլերում:

Արենան բաց է թողնելու միայն տաղանդի փուլը: Հատուկ պատրաստվել է Beauty with a Purpose-ին (գեղեցկությունը իմաստով): Ներկայացնելու է սահմանամերձ Մովսես գյուղի ջրի խնդիրը:

Առնչվող Հոդվածներ