Հասարակություն

Արշալույսում արշալույսները խաղաղ չեն, առավոտյան կրկին բախվել են ցուցարարներն ու գյուղապետարանի աշխատակիցները (տեսանյութ):

Այսօր առավոտյան կրկին իրավիճակը լարված է եղել Արմավիրի մարզի Արշալույս գյուղում: Արդեն ավելի քան 20 օր համայնքի բնակիչները փակում են գյուղապետարանի շենքը: Երեկ և այսօր համայնքապետարանի աշխատակիցները փորձել են մտնել համայնքապետարան, սակայն ցուցարները թույլ չեն տվել, արդյունքում կրկին բախում է տեղի ունեցել: 

Armdaily.am-ի հետ զրույցում համայնքի բնակիչները տեղեկացրին, որ նախօրեին մարզպետարանից աշխատակիցներ են եղել և նրանց կողմից սպառնալիքներ են հնչել. «Չեք վախենում, որ Զարզանդը բոլորիդ կխփի ու նստելուց էլ չի վախենա»:  

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Armdaily.amի հետ զրույցում բացառեց, որ մարզպետարանի կողմից որևէ սպառնալիք հնչած լինի: «Եթե նման սպառնալիքներ լինեն, երեկ երեկոյան հիմնական ակցիայի կազմակերպիչներից 2-ը չէին գա մարզպետարան և մենք չէինք խոսի ստեղծված իրավիճակի մասին: Նրանց, մարզի ոստիկանապետի պաշտոնակատարի հետ քննարկել ենք բոլոր հնարավոր տարբերակները: Իրենք համաձայնել են, որ էմոցիոնալ հայտարարություններ են արել, թե մարզպետարանը չի տիրապետում իրավիճակին: Մենք կետ առ կետ քննարկել ենք բոլոր հնարավոր տարբերակները՝օրինական ճանապարհով լուծումներ գտնելու ուղղությամբ: Հանգուցալուծումը ժամանակ է պահանջում՚»,-նշեց մարզպետը:    

Մաթևոսյանի դիտարկմամբ՝ ցուցարարները ևս համաձայնել են, որ չի կարելի  համայնքապետարանը փակել, քանի որ այն չի ծառայում միայն մի կողմին, օրինակ, համայնքապետին: «Համայնքում տարբեր մարդիկ կան, նրանց շահերը պետք է պաշտպանված լինեն, չի կարելի իրավիճակը լարված պահել և պարալիզացնել: Չնայած նրան, որ երեկ վստահեցրել էին, որ համայնքապետարանի շենքն այլևս չեն փակելու, այսօր այն կրկին փակ են պահել: Երեկ վստահեցնում էին, որ  բողոքի ակցիաներ կանեն, համայնքապետարանից ավելի հեռու»,-ասաց մարզպետը:
Նա տեղեկացրեց, որ համայնքապետի նոր ընտրությունները դեկտեմբերին են կայանալու, քննարկվող տարբերակներից մեկն այն է, որ չսպասենք դեկտեմբերին և  ընտրությունները կազմակերպեն սեպտեմբերին: Համայնքապետը այս տարբերակը քննարկելու համաձայնություն է տվել:  Քննարկվող  մյուս տարբերակը համայնքների խոշարացումն է:

Առնչվող Հոդվածներ