Քաղաքականություն

Արփինե Հովհաննիսյանը մոռացել է իր նախարարական տարիներին կատարված դեպքը և անցել դիվիդենտներ հավաքելու:

Երեկ համացանցում ակտիվ քննարկվում էր Մհեր Եղիազարյանի՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում մահանալու դեպքը: Իհարկե որոշ քիչ թե շատ օբյեկտիվ գնահատականների կողքին եղան նաև անտեղի շահարկումներ, բայց դրանցից ամենաաչքծակողը թերևս Արփինե Հովհաննիսյանի հայտարարությունն էր:

Հիշեցնենք, որ երեկ նա Facebook-ի իր էջում նշել էր, թե պետք է բացառել ճնշումները քննչական կամ այլ մարմինների կողմից՝ Եղիազարյանի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակված փորձաքննության արդյունքների վրա: Արփինե Հովհաննիսյանի այս հայտարարությունը կնկալվեր որպես մտահոգ մարդու հնչեցրած խոսք, եթե մեր հիշողությունը կարճ լիներ և չհիշեինք, թե ով էր Արդարադատության նախարարը, երբ մահացավ հաց բերող Արթուր Հովհաննիսյանը: Հասարակությունը դեռ չի մոռացել, թե ինչպես այն ժամանակ Արփինե Հովհաննիսյանի ենթակայությամբ գործող քրեակատարողական հիմնարկում անմարդկային պայմաններում մարդուն հասցրին մահվան դուռը և միայն մահվանից մի քանի օր առաջ ազատ արձակեցին, շատ լավ հասականալով, որ իրենք իրենց առջև դրված խնդիրը լուծել էին, և Արթուրն անգամ ազատության մեջ երկար կյանք չուներ:

Երեկ ստատուս գրելուց առաջ Արփինե Հովհաննիսյանը հավանաբար հիշել էր նախարարական կաբինտից իր արձակած զանգերի, տարբեր գործերով արած միջամտությունների մասին և մոռանալով, որ ի տարբերություն իրեն և իրեն հովանավորող վարչախմբի ներկայումս քննչական մարմինները գործում են բացառապես օրենքով և անգամ շատ մեծ ցանկության դեպքում չեն կարող միջամտել այլ կառույցների գործունեությանը: Իհարկե Հովհաննիսյանը և նրա քաղաքական թիմի շատ անդամներ տարված լինելով քաղաքական դիվիդենտներ շահելու մոլուցքով դժվար այս պահին սառը դատեն վերը շարադրվածը, սակայն հարկ ենք համարում նրանց հիշեցնել, որ մեղմ ասած բարոյական չէ մարդու մահն օգտագործելով հանդես գալ անհիմն հայտարարություններով, այդ կերպ փորձ անելով սրել ստեղծված հուզական դաշտը:

Նման հայտարարույթունների կարիքը չկա նաև այն պատճառով, որ համապատասխան գերատեսչություններն արդեն հանդես են եկել հայտարարություններով և տվել բոլորին հետաքրքրող հարցերի պատասխանները: Եվ որպես վերջաբան, մեր խմբագրության անունից ցավակցում ենք Մհեր Եղիազարյանի ընտանիքին անդամներին, հարազատներին, նրա անժամանակ մահվան կապակցությամբ:

Առնչվող Հոդվածներ