Սթայլ

Բարձրահասակ հայուհիները. դպրոցական ծաղրից մինչեւ առավելություն, եւ ինչո՞ւ են որոշ տղամարդիկ նախընտրում իրենցից հասակով ավելի բարձր կանանց (լուսանկարներ)

Նրանց չնկատել, պարզապես, չեք կարող՝ ցանկացած երեկույթին նրանք լինում են ուշադրության կենտրոնում, անգամ, երբ շատ ջանք չեն թափում հագուստի, աքսեսուարների կամ դիմահարդարման համար. նրանց հասակն արդեն ամեն ինչ անում է այդ բոլոր պարագաների փոխարեն: NEWS.am STYLEն այսօր հետաքրքիր «Թեմա» է ընտրել քննարկման համար՝ խոսքը բարձրահասակ կանանց մասին է:

Աշխարհում կնոջ միջին հասակը համարվում է 164 սանտիմետրը, իսկ 170-ից ավելի բարձր հասակ ունեցող կանայք արդեն համարվում են բարձրահասակ: Հայաստանում բարձրահասակ աղջիկները շատ ավելի քիչ տոկոս են կազմում, հենց այդ պատճառով էլ ցանկացած բարձրահասակ հայուհի միանգամից հայտնվում է ուշադրության կենտրոնում, երբեմն էլ՝ պոդիումի հարթակում:

Բարձրահասակ կանայք շեշտում են, որ իրենց հասակն ունի ինչպես առավելություններ, այնպես էլ որոշակի թերություններ, որոնց մասին նրանք պատմել են NEWS.am STYLE-ի հետ զրույցում: Բարձրահասակ կանանց ոճի մասին քննարկումներ ենք ունեցել նաեւ դիզայներ Գայանե Մարտիրոսյանի եւ  վարսահարդար Ջեք Թեքեյանի հետ, որոնք պատմել են, թե ինչպիսի հագուստը եւ վարսահարդարումն է առավել ընդգծում բարձրահասակների հմայքը:

«Բարձրահասակ գեղեցկուհիները ավելի մեծ պատասխանատվություն են կրում գույնը սխալ ընտրելու դեպքում, եւ հակառակը ՝ ավելի շքեղ են մատուցում ճիշտ որոշված գույնը»

Գայանե Մարտիրոսյանն այն հայ դիզայներներից է, որը, սովորաբար, աշխատում է բարձրահասակ մոդելների հետ: Նրա կարծիքով բարձր հասակ ունեցող աղջիկները յուրահատուկ շքեղություն են տալիս շոուին:

«Կան տարբեր չափսերի ու հասակի մոդելային խմբեր, ինչպես նաեւ՝ կան դիզայներներ, որոնք իրենց հավաքածուներն ըստ այդ ստանդարտների են ստեղծում։ Ամեն դիզայներ ունի իր չափսերի պահանջները»,-ասում է Գայանեն՝ հավելելով.

«Հայաստանում ես նկատել եմ անգամ 165 եւ մի փոքր ավելի հասակի մոդելների, սակայն ես նախընտրում եմ 180+ հասակը եւ իմ հավաքածուն ստեղծում եմ այդ չափանիշներին համապատասխան։ Պոդիումը չի սիրում սովորական, աչքին սովոր երեւույթներ։ Մենք ամեն օր տեսնում ենք մեր հասակի մարդկանց, նրանք մեր առօրյայի անբաժան մասն են, սակայն եկեք ընդունենք, որ բոլորս էլ անտարբեր չենք անցնում մանավանդ բարձրահասակ գեղեցկուհիների կողքով՝ թեկուզ սուպերմարկետում գնումներ կատարելիս… Այն փաստը, որ մոդելն ունի 180 եւ ավելի հասակ, շքեղության եւ լրջության նոտա է ավելացնում շոուին»:

Գայանեն նաեւ ասում է՝  չնայած բարձրահասակներին ամեն ինչ սազում է պոդիումին, բայց առօրյայում, ինչպես ցածրահասակների դեպքում՝ կան շատ բացառություններ.

«Բարձրահասակները ոճի հարցում ունիվերսալ տեսակ են, ինչը չեմ կարող ասել գույնի դեպքում… Իսկ գույնը, միանշանակ, պատասխան չի սիրում: Էական է ՝ գեղեցկուհին սեւամորթ է, թե սպիտակամաշկ, ինչ գույնի են նրա աչքերը, մազերը, նրա պահվածքն ու քայլվածքը…Գույնը թելադրում է, պարտադրում է գրագետ մատուցում, իսկ որքան ծավալուն է տարածքի մեջ, այնքան մեծ է պատասխանատվությունը ճիշտ մատուցման։

Հետեւաբար՝ բարձրահասակ գեղեցկուհիներն ավելի մեծ պատասխանատվություն են կրում գույնը սխալ ընտրելու դեպքում եւ, հակառակը ՝ ավելի շքեղ են մատուցում ճիշտ որոշված գույնը»:

Կարծիք կա, թե բարձրահասակ աղջիկներին հակացուցված է բարձրակրունկ կոշիկներ կրելը, սակայն Գայանեն չի կիսում այն.

«Իհարկե, ոչ մի հակացուցված բան չկա, հակառակը՝ բարձրահասակ աղջիկներին ավելի շատ են սազում բարձրակրունկ կոշիկներ, պարզապես պետք է հաշվի առնել դիզայնը եւ նախապատվությունը տալ սուր եւ քառակուսի ձեւավորում ունեցող մոդելներին»:

Համաձայն որոշ կարծիքների էլ՝ բարձրահասակ աղջիկները  պետք է ունենան երկար վարսեր, բայց ըստ վարսահարդար Ջեք Թեքեյանի՝ դա եւս միֆերի շարքից է.

«Բարձրահասակներին սազում են՝ թե´ կարճ, թե´ երկար մազերը, ոճաբանն ինքը պետք է նայի, թե տվյալ անձին որ երկարությունը կսազի: Պարզապես, թե երկարի, թե կարճի պարագայում կտրվածքը ճիշտ պետք է ընտրվի՝ հաշվի առնելով պարանոցի երկարությունը, դեմքի կլորությունը, մազի որակը, տեսակը: Ինչ խոսք՝ բոյովների վրա երկար մազերն ավելի էլեգանտ են դիտվում, բայց իրականում մարդու հասակն ու մազերն այդքան կապ չունեն իրար հետ, որքան կտրվածքի ձեւը տվյալ մազի պարագայում: Թե´ կտրվածքի, թե´ սանրվածքի պարագայում պետք է ընտրել ճիշտ ձեւը»,-վստահեցնում է նա:

Ցանկացած երեւույթի եւ իրողության մասին այլ բան է խոսել կողքի մարդու տեսանկյունիցմեկ այլ բան՝ անձամբ տվյալ երեւույթի հետ անմիջական կապ ունեցող մարդուԲարձրահասակության թեմայով իրենց փորձով NEWS.am STYLE-ի հետ կիսվել են նաեւ բարձրահասակ հայ մոդելները: Նրանք չեն ժխտել, որ այժմ առավելություն համարվող իրենց հասակը դեռահասության շրջանում մի շարք խնդիրների ու անհարմարությունների պատճառ է հանդիսացել՝ ելնելով հասակակիցների արձագանքից: Բարձրահասակ գեղեցկուհիներն անդրադարձել են նաեւ հարցինթե որքանով է իրենց համար կարեւոր կողակցի՝ իրենցից ավելի բարձրահասակ լինելը:

«Ինձ համար սթրեսային է Հայաստանում իմ ցանկացած հագուստը գտնելը». Անելյա Գուբրյան

Մոդել Անելյա Գուբրյանի հասակը 180 սմ է: Նա նշում է, որ այժմ բարձր հասակն իր առավելություններից մեկն է համարում, բայց չի ժխտում, որ եղել է ժամանակ, երբ նեղսրտել է դրա պատճառով:

«Կարծում եմ` բարձրահասակ լինելը ցանկացած ազգի համար առավելություն է ու պատիվ, հայերի համար` առավել եւս, քանի որ շատ չեն բարձրահասակ հայուհիները: Չեմ ստի` դպրոցական տարիքում՝ մինչեւ 13-14 տարեկան, շատ-շատ եմ բարդութավորվել հասակիս պատճառով, որովհետեւ շրջապատումս բոլորը ցածրահասակ էին (դե, բացի ընտանիքիս անդամներից (ծիծաղում է)): Տարիքի հետ սկսեցի հասկանալ, որ հասակս իմ մեծ առավելությունն է: Երբ սկսեցի զբաղվել մոդելինգով ու տեսա, թե այդ ոլորտում որքան է գնահատվում հասակը ու թե որքան գեղեցիկ է դա, սկսեցի սիրել այն: Ընդհանրապես այդպես է` եթե դու ընդունում ես քո արտաքինն ու հաշտ ես ապրում դրա հետ, մարդիկ, նույնպես, հարգանքով ու սիրով են քեզ վերաբերվում»:

Անելյան չի ժխտում նաեւ, որ հայ տղամարդկանց ոչ այնքան բարձրահասակ լինելը շատ բարձրահասակ աղջիկների համար դժվարեցնում է կողակցի ընտրության հարցը, բայց նաեւ հավելում է՝

«Նկատել եմ, որ հիմա հայ երիտասարդներն ավելի բարձրահասակ են դարձել: Բայց իրականում ինձ համար տարբերություն չկա այդ հարցում, ինձ համար կարեւորը մարդն է` իր կեցվածքով, դաստիարակությամբ ու բնավորությամբ»:

Անդրադառնալով բարձրահասակ լինելու դժվար կողմերին՝ Անելյան նշում է.

«Քանի որ ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ միջին հասակը համարվում է 165 սմ-ն, բարձրահասակների չափսերով հագուստը շատ չէ, հատկապես` կոշիկը: Ինձ համար սթրեսային է Հայաստանում իմ ցանկացած հագուստը գտնելը (հատկապես տաբատներ), այդ պատճառով հաճախ եմ հագուստ պատվիրում արտերկրից: Իսկ կենցաղում այլ դժվարությունների չեմ հանդիպել, հակառակը` միշտ ավելի հարմար է բարձր տեղից մի բան վերցնելը, նաեւ` լամպ փոխելը (ծիծաղում է): Միակ անհարմար բանը, որ կարծում եմ` պատահել է բոլոր բարձրահասակներին, գլուխն ինչ-որ ցածր տեղին խփելն է: Հա, ու մի խորհուդ` բարձրահասակներին- մեջքը ուղիղ պահեք. մեզ համար ավելի դժվար է, բայց շատ տգեղ է, երբ կորանում ենք»:

«Բարդութավորվում էի, երբ նախկին ամուսինս ինձանից ցածրահասակ էր». Աննա Դեմիրխանյան

180 սմ հասակ ունեցող մոդել Աննա Դեմիրխանյանը սիրում է իր հասակը ու նշում է՝ երբեք որեւէ խնդիր չի ունեցել դրա հետ կապված, իսկ կողքի կարծիքներին վաղուց սովորել է թեթեւ նայել.

«Ոմանք փորձում են ծաղրել, քննադատել, ոմանք էլ` հիանում են: Ես արդեն սովորել եմ շատ հանգիստ վերաբերվել մարդկանց ցանկացած վերաբերմունքի այդ հարցի շուրջ»:

Բայց Աննան նաեւ խոստովանում է, որ եղել է շրջան, երբ բարդութավորվել է նախկին ամուսնուց ավելի բարձրահասակ լինելու պատճառով.

«Ես բարդութավորվում էի եւ բարձրակրունկներ չէի կրում, բայց հենց նա սերմանեց իմ մեջ, որ հասակը շատ գեղեցիկ երեւույթ է, իսկ բարձրակրունկները` շատ կանացի: Եվ դրանից հետո ես երբեք չեմ զգացել բարձրահասակ լինելու «բարդույթը»»,-ասում է նա ու հավելում.

«Կարծում եմ` լավ է, երբ տղամարդը հասակով ավելի բարձր է, բայց լինում են նաեւ դեպքեր, երբ նա կնոջից բարձրահասակ չէ, բայց այդ կինը, միեւնույն է, նրա կողքին իրեն այնքան նուրբ, փխրուն ու պաշտպանված է զգում: Ես շատ բարձրահասակ տղամարդկանց չեմ հավանում, կարծես` կնոջ նմանվեն` երկար ոտքերով (ծիծաղում է): Տղամարդը պետք է ՏՂԱՄԱՐԴ լինի»:

Իր հասակի վերաբերյալ պատահական անցորդների ռեպլիկներին մոդելը հումորով է վերաբերվում.

«Եղել է, որ փողոցում անծանոթներն ասել են` «Վայ, самолет «բռնող» ա», բայց ես էլ հո՞ գիտեի, որ Աստծուն ջուր տանողն եմ (ծիծաղում է)»:

«Շատ վատ էի զգումերբ ծաղրում էինբայց աշխատում էի չպատասխանել». Լիլիթ Մարտիրոսյան

Մոդել եւ միջազգային մրցույթների մասնակից ու դափնեկիր Լիլիթ Մարտիրոսյանի հասակը եւս 180 սմ է: Նրա խոսքով՝ հասակն իրեն միայն հարմարավետություն է պարգեւում, ոչ թե դժվարություններ: Սակայն մոդելը պատմել է նաեւ այն շրջանի մասին, երբ դպրոցում ծաղրանքի է ենթարկվել՝ բոլորից բարձրահասակ լինելու պատճառով:

«Բարձրահասակ կամ ցածրահասակ լինելը չեմ կարող, միանշանակ, թերություն կամ առավելություն համարել` լինի հայուհու, ռուսի, կամ, օրինակ, սկանդինավյան երկրի աղջկա դեպքում: Կարծում եմ` թերություն կամ առավելություն համարվում է այն ամենը, ինչ մարդը համարում է գեղեցիկ կամ ոչ գեղեցիկ, իսկ գեղեցկությունը շատ հարաբերական է: Ես ավելի կողմնակից եմ, որ յուրաքանչյուր կին կամ աղջիկ ներդաշնակ լինի իր արտաքինի հետ: Աստծո կողմից տրված ներքին կամ արտաքին ցանկացած գիծ պետք է համարել յուրահատկություն, տարբերվելու ձեւ, ոչ թե բարդութավորվել կամ թերարժեքության զգացում ունենալ: Իհարկե, չեմ ասում, թե պետք է չաշխատենք մեր թերությունների վրա, բայց նաեւ կարծում եմ` շատ կարեւոր է, երբ մարդն իր արտաքինի հետ ներդաշնակ է: Ինձ համար հավասարապես գեղեցիկ են` թե բարձրահասակ, թե ցածրահասակ աղջիկները` անկախ ազգությունից»,-ասում է մոդելը՝ վերհիշելով այն տարիները, երբ իրեն ստիպում էին կոմպլեքսավորվել տարբերվելու համար.

«Եղել է ժամանակ, երբ սարսափելի բարդութավորվում էի բարձր հասակիս պատճառով` դա դեռահասության շրջանում էր, որովհետեւ դասարանում, առհասարակ, դպրոցում ամենաբարձրահասակ աղջիկն էի, ու մտածում էի` ինչու են բոլորը ցածրահասակ, միայն ես եմ բարձր հասակով: Ինձ շատ դժբախտ էի զգում, դեպրեսիաներ էի ունենում, բայց մայրիկս ինձ հետ հոգեբանական մեծ աշխատանք էր տանում, որպեսզի ես կարողանայի հաղթահարել իմ ձեռք բերած բարդույթը: Դպրոցում շատ են ծաղրել. ընդհանրապես թե´ երեխաները, թե´ դեռահասները շատ դաժան կարող են լինել եւ չպատկերացնել, թե իրենց մեկ խոսքը ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ դիմացինի հոգեբանության եւ ինքնագնահատականի վրա: Հիմա այդ ամենը հումորով եմ հիշում, բայց այն ժամանակ շատ դժվար էր ինձ համար, շատ վատ էի զգում, երբ ծաղրում էին, բայց աշխատում էի չպատասխանել ու ոչինչ չանել, պարզապես հեռանում էի այդ տարածքից: Առհասարակ, ինչ-որ բանով տարբերվող մարդիկ հաճախ են բախվում նման խնդիրների, հատկապես` դեռահասության շրջանում»:

Լիլիթն ասում է՝ իր համար կողակցի հասակը էական նշանակություն չի ունենա, թեեւ չի ժխտում, որ կնախընտրեր իր կողքին տեսնել իրենից հասակով ավելի բարձր տղամարդու.

«Ճիշտն ասած` ես ակնհայտ չեմ նկատում, որ հայ տղամարդիկ ցածրահասակ են, ու չեմ կարծում` ընտրություն կատարելը դժվար է: Ինձ համար, ընդհանրապես, կարեւոր են մարդկային փոխհարաբերությունները, սերը, ներդաշնակությունը: Իհարկե, ինձ դուր է գալիս, երբ տղամարդն ավելի բարձրահասակ է, բայց ամենից կարեւորը հարաբերությունների մեջ ներդաշնակությունն է»:

Իսկ կենցաղում եւ հագուստի ընտրության հարցում բարձրահասակ մոդելը խնդիրներ չի ունենում.

«Չեմ հանդիպել դժվարությունների ոչ հագուստի ընտրության հարցում, ոչ էլ` կենցաղում: Ինձ շատ լավ եմ զգում իմ հասակի մեջ, հատկապես միջազգային մրցույթներում, մոդելային աշխարհում: Դա ինձ միայն հարմարավետություն է փոխանցում, ոչ թե դժվարություն»,-ասում է նա:

«Մտածում եմլավ կլիներմի քանի սանտիմետր էլ ավելի բարձրահասակ լինեի». Լիանա Ոսկերչյան

«Միսս Աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանի հասակը 178 սմ է, եւ նա այսօր դա առավելություն է համարում.

«Իմ կարծիքով` ցանկացած ազգի դեպքում բարձրահասակ լինելն առավելություն է` կարողանում ես ցանկացած բարձր տեղից ինչ-որ բան վերցնել (ծիծաղում է), իսկ եթե ավելի լուրջ` հասակը չի, որ կարեւոր է: Ներքինն արտաքին ցանկացած հատկանիշից շատ ավելի կարեւոր է»:

Ինչպես մյուս մոդելները՝ Լիանան եւս դպրոցում չի խուսափել խոժոռ հայացքներից կամ իր հասակի վերաբերյալ խոսակցություններից.

«Ընդհանրապես, թե´ իմ, թե´ զուգահեռ դասարանի աշակերտներն ինձ ծաղրում էին բարձր հասակիս համար: Երազում էի ավելի ցածրահասակ լինել, որ ինձ ոչ ոք չծաղրեր (ծիծաղում է): Այդ ժամանակ, իհարկե, բարդութավորվում էի, որովհետեւ կարծում եմ` հատկապես փոքր տարիքում, երբ մատնանշում են քո արտաքինում մի բան, որն ըստ իրենց` գեղեցիկ չէ, տգեղ է, սրտիդ ավելի մոտ ես ընդունում, բայց հիմա, իհարկե, հասկանում եմ, որ բարձր հասակը, միմիայն, առավելություն է, անգամ մտածում եմ` լավ կլիներ` մի քանի սանտիմետր էլ ավելի բարձրահասակ լինեի: Հիմա շատ սիրում եմ իմ հասակը, ու այլեւս ոչ մեկ ինձ չի ծաղրում»,-պատմում է նա:

Լիանան այն աղջիկներից է, որոնց համար տղամարդու ավելի բարձրահասակ լինելը չափանիշ չէ.

«Իհարկե, հայերի մեջ առավել գերակշռում են միջին հասակի տղամարդիկ, բայց իմ շրջապատում` ընկերներիս, բարեկամներիս մեջ, բարձրահասակները շատ են: Դեռ ընտրություն կատարելու որոշման առաջ չեմ կանգնել, բայց կարծում եմ` երբ ժամանակը գա, խնդիր չի առաջանա, քանի որ ինձ համար հասակն ամենակարեւորը չէ: Այս պահին իմ կողքին ինձանից ցածրահասակ տղամարդ չեմ պատերացնում, բայց ժամանակից առաջ չեմ ցանկանում ընկնել»:

Ինչ վերաբերում է բարձրահասակ լինելու դժվարություններին՝ Լիանան եւս հիմնական խնդիրը տեսնում է հագուստի ընտրության հարցում.

«Շատ անգամ, երբ ինչ-որ զգեստ կամ կիսաշրջազգեստ ես հավանում, դրանք ավելի կարճ են լինում, քան պետք է, նույնը` տաբատների դեպքում: Մի թերություն էլ կա, ինչը, երեւի, պայմանավորված է մեր ազգի ոչ շատ բարձրահասակ լինելու հետ՝ հաճախ խանութներում ցուցափեղկերը լինում են շատ ցածր, ու եղել է, որ դրա պատճառով մի քանի անգամ գլուխս հարվածել եմ (ծիծաղում է)»:

Ինչո՞ւ են որոշ տղամարդիկ նախընտրում իրենցից ավելի բարձրահասակ կանանց

Rosie Huntington-Whiteley and Jason Statham Are Engaged! Model Debuts Giant  Diamond Ring at the 2016 Golden Globes - E! Online

Ինչպես շատ բարձրահասակ աղջիկներ խնդիր չեն տեսնում իրենցից հասակով ավելի ցածր տղամարկանց հետ հանդիպելու հարցում, այնպես էլ՝ որոշ տղամարդիկ շատ նորմալ են նայում դրան: Ավելին՝ Cosmopolitan.com կայքի հարցմանը մասնակցած տղամարդիկ նշել են, թե որոնք են այն հատկանիշները, որոնց շնորհիվ իրենց համար ավելի գայթակղիչ են իրենց հասակի կամ ավելի բարձրահասակ կանայք: Այսպիսով, ըստ տղամարդկանց՝ բաձրահասակ կանանց երբեք չես կորցնի մարդաշատ երեկույթներին, նրանց հետ կարելի է կիսել միեւնույն զույգ կոշիկը, նրանց ավելի հեշտ է համբուրելը՝ առանց կորանալու, նրանք ունեն գեղեցիկ, երկար ոտքեր, գեղեցիկ քայլք, ավելի հարմար է բռնել նրանց ձեռքը քայլելիս եւ այլն…

style.news.am

Առնչվող Հոդվածներ