Պաշտոնական

«Գազպրոմ Արմենիա»-ն հերքում է ՊԵԿ-ի հայտարարությունը:

«Գազպրոմ Արմենիա»-ն հերքում է տարածել՝ Պետական եկամուտների կոմիտեի կողմից ընկերությունում «բացահայտված» առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի մասին հրապարակման կապակցությամբ:

««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ՊԵԿ-ը 2018 թվականի հոկտեմբերի 1-ից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում փաստացի սկսել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության համալիր ստուգում: Այնուհետեւ, 2018 թվականի հոկտեմբերի 17-ին ստուգման տեւողությունը երկարաձգվել է 30 անընդմեջ աշխատանքային օրով: Համալիր հարկային ստուգումը ներկայումս փաստացի ընթացքի մեջ է, եւ առ այսօր ՊԵԿ-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին ՀՀ հարկային օրենսդրության դրույթները խախտելու որեւէ դրվագ չի ներկայացրել: Փոխարենը, առանց ընկերության հետ քննարկելու կամ ընկերությանը տեղեկացնելու, ՊԵԿ-ը մամուլով տարածել է միանգամայն անհիմն տեղեկատվություն»,- ասված է հերքման մեջ:

«Գազպրոմ Արմենիա»-ն հիշեցրել է, որ ընկերությունը տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության առաջին խոշոր հարկ վճարողն է եղել եւ մշտապես իր գործունեությունը ծավալել է բացառապես ՀՀ հարկային օրենսդրությանը համապատասխան՝ դրա արդյունքում ՊԵԿ-ից պարբերաբար ստանալով «Օրինապահ հարկ վճարողի» հավաստագրեր:

«ՊԵԿ-ի կողմից ներկայացված հրապարակման մեջ ներառված «համեմատական հետազոտությունները» կատարված են ոչ համադրելի ժամանակաշրջանների եւ ոչ համադրելի մեծությունների հիման վրա, ընկերությանը ներկայացված չէ վարչական մարմնի կողմից ձեռք բերված որեւէ ապացուցողական փաստ, ինչը, ընկերության կարծիքով, հանգեցրել է անհեթեթ եզրահանգումների: ՊԵԿ-ի նման գործելաոճը կարող է վտանգել ընկերության ձեռք բերած գործարար համբավը եւ ձախողել ընկերության բնականոն գործունեությունը»,- ասված է հաղորդագրությունում:

«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացրել է նաեւ, որ այսօր՝ ժամը 12:00-ին, ընկերությունում նախատեսված մամուլի ասուլիսին հրավիրում է նաեւ ՊԵԿ-ի համապատասխան մասնագետներին՝ «իրենց ներկայացրած եզրահանգումները հանրությանը հիմնավորելու համար»:

Առնչվող Հոդվածներ