Քաղաքականություն

Գարիկ Սարգսյանի դուխն իրեն ուտում է

Այսօր իր մտքի մարգարիտներն է շաղ տվել ներուժով մինչև գյուղապետի պաշտոնին հասնող, բայց բախտի բերմամբ մարզպետ նշանակված Գարիկ Սարգսյանը։

Այն նույն մարդու մասին է խոսքը, ով կարծում էր՝ միայն Արարատի մարզում ունենք մոտ 40 հազար հեկտար կաթիլային ոռոգվող այգիներ։

Այսչափ գործից անտեղյակ մարզպետն այսօր քաղտեխնոլոգիայի վերաբերյալ վերլուծություններ է անում, ընտրական պրոցեսում ուժերի գնահատում է իրականացնում ու կասկածի տակ դնում իր նախորդների ռեյտինգը՝ «Թող ապացուցեն՝ նրանք ունե՞ն այդ ռեյտինգը, թե՞ դա փուչիկ էր»։

Պետք է նկատել, որ Արարատի մարզում ՀՀԿ-ն գրեթե միշտ բավականին ամուր դիրքերում է գտնվել։ Ուզած- չուզած՝ պետք է ընդունել, որ այդ մարզում տարիներ շարունակ հեղինակություններ են եղել Ավշարի Արայիկը, իր եղբայրը, Հովիկ Աբրահամյանը, անգամ մինչև վերջերս նրանց նախկին թիմակից համարվող «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

Գուցե, իհարկե, այս մրցապայքարում Արամ Սարգսյանն ապացուցի ինչ որ չափով իր ռեյտինգը, բայց հասկանալի է, որ նման քայլի չեն գնա ո՛չ Աբրահամյանները, ո՛չ Գրիգորյանները, ինչն էլ հանգեցնում է նրան, որ այսօրվա նորաթուխ գործիչները սկսել են գնահատականներ տալ և պաթետիկ խոսել իրենց ռեյտինգներից։
Իրականում՝ ընդունելի է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանում բարձր ռեյտինգ ունի, որը տարածվում է նաև իր կուսակիցների վրա, սակայն պետք է խելամիտ գտնվեն իր կադրերը և այդքան ինքնավստահությամբ չխոսեն իրենց հնարավորություններից։ Բանն այն է, որ Գարիկ Սարգսյանն, ով լինելով գյուղապետ, իր քթի տակ հյուսվող անօրինակությունների մասին, բավականին ժամանակ լռել է։ Խոսքը Պետական վերահսկողական ծառայության այն բացահայտման մասին է, որ Արարատի մարզում Աբրահամյանների ընտանիքները անօրինական դրված խողովակներով ոռոգել են իրենց այգիները։ Լռության պատճառն, իհարկե, այսչափ ինքնավստահություն և դուխ չունենալն է եղել։

Հետաքրքիր է՝ եթե ՀՀԿ-ն իր նախկին թափով որոշեց այս համընդհանուր նիրվանայից արթնանալ և իսկապես ռեյտինգայինով պայքարի դուրս գալ դեռևս չթրծված այս գործիչների դեմ, ի՞նչ կանեն, նախկինի պես կլռե՞ն, թե՞ այսօրվա դուխը կունենան։ Կարծիք կա, որ նրանցից շատերը պարզապես նախկին դիրքերում կլինեն՝ չբարձրանալով գյուղապետից վերև։

Նյութի աղբյուր՝ NEWSPRESS.am

Առնչվող Հոդվածներ