ԳԻՏՈՒԹՅՈՒՆ/ՏԵԽՆԻԿԱ

Գլոբալ տաքացման հետևանքով վիրուսները կարող են ավելի կայուն դառնալ. գիտնականներ


Համարվում է, որ գլոբալ տաքացման հետևանքով էնտերովիրուսներն ու այլ ախտածին վիրուսները, որոնք կհայտնվեն ջրի մակերևութային հատվածում, կարող են ապաակտիվանալ բարձր ջերմաստիճանի, արևի լույսի ու այլ մանրէների ազդեցության հետևանքով, ինչն էլ կնվազեցնի դրանց՝ հիվանդություններ տարածելու կարողությունը, սակայն գիտնականների անցկացրած նոր հետազոտությունը ցույց է տվել, որ գլոբալ տաքացումը կարող է նպաստել նաև վիրուսների զարգացմանը՝ դարձնելով դրանք քիչ ընկալունակ ախտահանող նյութերի, այդ թվում՝ քլորի նկատմամբ։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են Environmental Science & Technology պարբերականում։ 

Գիտնականները ստեղծել են մարդու էնտերովիրուսի չորս տարբեր խումբ՝ ինկուբացնելով նմուշները լճի ջրում փորձանոթների մեջ Ցելսիուսի սանդղակով 10 և 30 աստիճան ջերմաստիճանի պայմաններում։ Վիրուսներն ինկուբացվել են արևի լույսին նման ահեստական լույսի ազդեցության տակ և առանց այդ լույսի, որից հետո գիտնականները ենթարկել են վիրուսները ջերմության ազդեցությանը՝ իմիտացնելով արևի լույս կամ բակտերիաների առկայությում։

Գիտափորձը ցույց է տվել, որ գոլ ջրին հարմարված վիրուսներն ավելի կայուն են ջերմային ապաակտիվացման նկատմամբ, քան սառը ջրին հարմարված վիրուսները։ Դիտարկված շտամերի միջև չի նկատվել ապաակտիվացման մակարդակների տարբերություններ արևի լույսի կամ այլ մանրէների առկայության իմիտացիայի դեպքում։ Սակայն նկատվել է, որ գոլ ջրին հարմարված վիրուսները սառը ջրում հայտնվելու դեպքում ավելի երկար էին պահպանում ակտիվությունը, քան սառը ջրին հարմարված վիրուսները։ Բացի այդ, դրանք ավելի կայուն էին քլորի ազդեցության նկատմամբ։

Առնչվող Հոդվածներ