Հեղինակային

Գունավոր և թավշյա հեղափոխականների մտահոգիչ ճակատագրերը:

Բոլորիս մասնակցությամբ տեղի ունեցած հեղափոխությունը նպատակ ուներ փոփոխել բոլորիս կյանքը՝ դեպի լավը։ Մինչդեռ ականատես ենք լինում մի իրողության, երբ փառքի պսակներն ու դրամական պարգևատրումները զարդարում են անհասկանալի մարդկանց պարանոցն ու գրպանները, իսկ Հայաստանի քաղաքացու խնդիրները գնալով ավելի անլուծելի են դառնում։

Հենց այսպիսի հետհեղափոխական զարգացումները ստիպում են վերլուծել հայկական թավշյա հեղափոխությունը, բարձրաձայնել նրա ակնհայտ ու անթաքույց նմանությունը Վրաստանում, Ուկրաինայում և Վենեսուելայում տեղի ունեցած հեղափոխությունների հետ։ Վերլուծության է արժանի նաև հեղափոխության առաջնորդների հետագա ճակատագիրը, ինչպես նաև այսպիսի հեղափոխությունների ազդեցությունը տվյալ երկրների զարգացման վրա, իրական կազմակերպիչների բացահայտումն ու նպատակները։

Հստակ է, որ պայքարը գնում է ոչ թե հեղափոխական պետություններում մարդկանց կյանքը բարելավվելու, այլ գերտերությունների ազդեցության տարածքների համար։ Մասնավորապես խոսքը գնում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասին։ Ընդ որում, բոլոր այս երկրներում ընդդիմադիր ցույցերն ընթացել են տարիներ շարունակ, կիրառվել են քաղաքական տեխնոլոգիաներ, իշխանափոխությունը եղել է թավշյա։

Այսպես․

Վրաստան – Վարդերի հեղափոխություն

2003թ-ին Վրաստանում տեղի ունեցավ Վարդերի հեղափոխությունը, ինչի արդյունքում ռուսամետ Էդուարդ Շեվարդնաձեի ձեռքից երկրի ղեկն անցավ ամերիկամետ Միխաիլ Սահակաշվիլիին (36 տ)։ 2004 թ-ի հունվարի 4–ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում Սահակաշվիլին ստացավ ընտրողներին 96,27%-ի վստահության քվեն։ Նույն թվականի մարտին Ազգային ժողովի ընտրություններում ընտրողների 76%-ն իր աջակցությունը հայտնեց Սահակաշվիլիին։
2014թ-ին Սահակաշվիլիի նկատմամբ հայտարարվեց ներպետական, այնուհետև միջազգային որոնում։
2018թ-ի հունվարի 5-ին Սահակաշվիլին հեռակա կարգով դատապարտվեց 3 տարվա, այնուհետև նույն թվականի հունիսի 28-ին 5 տարվա ազատազրկման։
Չնայած Վարդերի հեղափոխությանը վրացական հանրությունը շարունակում է պայքարել արդարության և բարեկեցության համար։

Ուկրաինա — Նարնջագույն հեղափոխություն

Տեղի է ունեցել 2004 թ-ի նոյեմբերից մինչև 2005թ-ի հունվար։ Ղեկավարել են Վիկտոր Յուշչենկոն և Յուլիա Տիմոշենկոն (44 տ)։

2011թ-ի օգոստոսի 5-ին Յուլիա Տիմոշենկոն կալանավորվեց դատարանի դահլիճում։ Նրա կալանավորումը ԱՄՆ և ԵՄ կողմից գնահատվեց որպես քաղաքական հետապնդում։

Օգոստոսի 11-ին Տիմոշենկոն դատապարտվեց 7 տարվա ազատազրկման պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով։ Նրան արգելվեց նաև պատժի ժամկետի լրանալուց հետո 3 տարի պետական կառավարման համակարգում զբաղեցնել որոշակի պաշտոններ։

Նույն թվականի դեկտեմբերի 8-ին Տիմոշենկոն 12 ժամ հարցաքննվեց 1996-97 թ-ին «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգ» ընկերությունը ղեկավարելու առնչությամբ։ Հարցաքննությունն իրականացվեց կալանավայրի բուժկետում, Տիմոշենկոյի անկողնային վիճակում, որի ընթացքում նրան ներարկում էին ցավազրկողներ։

2014 թ-ի փետրվարի 22-ին Ուկրաինայի Գերագույն Խորհուրդը որոշում կայացրեց Տիմոշենկոյի ազատ արձակման վերաբերալ։

2019 թ-ի նախագահական ընտրություններում Յուլիա Տիմոշենկոն առաջադրել է իր թեկնածությունը։ Ես նրան հաղթանակ եմ մաղթում։

Սակայն, կրկին փաստենք, որ Նարնջագույն հեղափոխությունը չկարողացավ լուծել Ուկրաինայում սոցիալական արդարության խնդիրը, հետագայում Ուկրաինան կանգնեցնելով Եվրոմայդանի և այլ ներքաղաքական խժդժությունների առջև։

Հայաստան – Թավշյա հեղափոխություն

2018թ-ի գարնանը Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն Նիկոլ Փաշինյանի (43տ) առաջնորդությամբ։ Ժողովրդական ճնշման ազդեցությամբ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարվեց իր զբաղեցրած պաշտոնից։

Թեև հեղափոխական ալիքի հիմնական կարգախոսն էր «Մերժիր Սերժին», սակայն հետհեղափոխական շրջանում այդպես էլ Սերժ Սարգսյանը պատասխանատվության չկանչվեց իր կառավարման տարիներին Հայաստանի Հանրապետությունը ողբալի վիճակի հասցնելու, պետական բյուջեն մսխելու, արտաքին հարաբերություններում Հայաստանը նսեմացուցիչ կարգավիճակի հասցնելու և այլ հանցագործությունների համար։

2018թ-ի դեկեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքում Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը ստացավ ընտրողների շուրջ 70%-ի վստահության քվեն, որի արդյունքում ձևավորվեց ապաքաղաքական օրենսդիր մարմին։ Այն մեծամասամբ կազմված է հասարակական ակտիվիստներից, ովքեր անթաքույց ներկայացնում են ԼԳԲՏ և կասկածելի կրոնական կազմակերպությունների շահերը։

Հայաստանի քաղաքացին հետհեղափոխական 8 ամսվա ընթացքում չզգաց սոցիալական բեռի թեթևացում, այլ միայն հանրային միջոցների մսխմանն ականատես եղավ։

Հույս հայտնեմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կրկնի վերոնկարագրյալ պետություններում հեղափոխության առաջնորդների դառը ճակատագիրը, իսկ Հայաստանը չի կանգնի իրար հաջորդող հեղափոխությունների ճանապարհին։

Վենեսուելա – 2019 թվական 

Հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում ներկայումս Վենեսուելայում։

Ընդդիմությունը հեռացրել է նախագահ Նիկոլաս Մադուրոյին, ում պարտականություններն իր վրա է վերցրել խորհրդարանի խոսնակ, ընդդիմադիր Խուան Գուայդոն (35 տ)։

Նշեմ, որ Մադուրոյին աջակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա իշխանությունը պաշտպանում են նաև Թուրքիան, ՄեքսիկանևՉինաստանը: Մինչդեռ Գուայդոյի իշխանությունն արդեն ճանաչել են ԱՄՆ-ն, Կանադան, Բրազիլիան, Պերուն, Արգենտինան, Կոլումբիան, Ուկրաինան, Վրաստանը: Հայաստանը դեռ չի շտապում հայտարարություն տարածել։

Թե ինչով կավարտվի հեղափոխությունը Վենեսուելայում և ինչ գույնի ու փափկության անվանում այն կստանա, ցույց կտա ժամանակը։

Ստեղծվում է տպավորություն, որ այս չորս պետությունները Ռուսական թևից անցնում են Ամերիկյան թև։ Վրաստանի և Ուկրաինայի, այնուհետև Հայաստանի և Վենեսուելայի հեղափոխությունները տեղի են ունեցել շուրջ 1 տարի տարբերությամբ։

Լուրեր են պտտվում ամերիկյան ուժերի, մասնավորապես Ջորջ Սորոսի «Բաց Հասարակություն Հիմնադրամ»-ի այս հեղափոխություններին անմիջական մասնակցության և հովանավորության մասին։

Իհարկե Սորոսի անունն է շատ շրջանառվում, սակայն ես վստահ եմ, որ կան նաև այլոք, ովքեր իրենց գումարները որպես խաղադրույք օգտագործում են նման ինտրիգների, իրենցից հեռու գտնվող երկրներում ներպետական հակամարտությունների, ազգերի պառակտման, պատվաստանյութերով, կեղծ դեղամիջոցներով ու տարբեր կենսաբանական նյութերով ազգերի վերացման ուղղությամբ։

Ես համարում եմ, որ Հայաստանն իրավունք չունի լինել միամիտ, չտեղեկացված ու դառնալ խաղալիք արտաքին ուժերի ձեռքում։

Ահազանգում եմ պարոն Նիկոլ Փաշինյանին, որ նրա բերած սորոսական և կրոնական թիմն «ուտելու» է իր գլուխը և փորձելու է «ուտել» նաև հայ ազգի գլուխը։ Վերջինս բնականաբար մենք թույլ չենք տալու։

Եթե կարծում են, որ Աժ ամբիոնից իրենց հնչեցրած աղոթք-կախարդանքով ինչ-որ ծես իրականացրեցին և զոմբիացրեցին մեր ժողովրդին, ապա միայն ծիծաղի են արժանի։ Եթե կարծում են, որ հայ ազգը միամիտ է ու իրենց անհասկանալի կերպարին հետևելով պետք է խաղաղության հեքիաթի ներքո ընկնի թմբիրի մեջ, ապա միայն ԱԺ-ից փայտով վտարվելու են արժանի։ Եթե կարծում են, որ նախկին կեղեքող ռեժիմի դեմ ելած ու այն քարուքանդ արած մարդիկ կվարանեն կամ կվախենան իրենց փափկամազիկ արտաքինից ու հովանավոր Սորոսից, ապա միայն խղճմտանքի են արժանի։

Եվ որքան էլ Դուք վախենաք խոստովանել Վրաստանի, Ուկրաինայի, Հայաստանի և Վենեսուելայի հեղափոխությունների նմանությունը, միևնույն է Դուք չեք կարող հերքել ակնհայտը։

Պարոն Փաշինյան, մի քանի անձնվեր մարդ ունեք Ձեր թիմում։ Հավաքվեք, մի պահ դուրս եկեք Ձեզ շրջապատող շողոքրոթ էյֆորիայից ու մտորեք` հետագայում Սահակաշվիլիի, Տիմոշենկոյի և այլ հեղափոխականների ճակատագրին չարժանանալու համար։

Մարինա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Առնչվող Հոդվածներ