Արտակարգ դեպք/Պատահարներ

Գրոզնիում մահապարտ կինը ինքնապայթեցում է կատարել

Գրոզնիում՝ Ստարոպրոմիսլովկսի շրջանում, անհայտ կինը ոստիկանության անցակետի մոտ իրեն պայթեցրել է: Այս մասին լրագրողներին ասել է Չեչնիայի ՆԳ նախարարի պաշտոնակատար, ոստիկանության գեներալ Ափթի Ալաուդինովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով, մոտ 16:00-ին կինը մոտեցել է ոստիկանության համար 21 կետին: Նկատելով նրա տարօրինակ պահվածքը, իրավապահները խնդրել են նրան կանգնել եւ փաստաթղթերը ներկայացնել:

Ալաուդինովը ընդգծել է, որ կինը չի կատարելոստիկանների պահանջը եւ փորձել է առաջ գնալ: Այդ ժամանակ իրավապահները նկատել են, որ նրա վրա ինքնաշեն պայթուցիկ սարք կա եւ նախազգուշական կրակոց են իրականացրել, իսկ կինը պայթեցրել է իրեն:

Գեներալը նշել է, որ միջադեպի հետեւանքով զոհեր եւ տուժողներ չկան, քանի որ հաջողվել էր կնոջը թույլ չտալ ոստիկաններին մոտենալ:

Ներկայումս աշխատանքներ են տարվում կնոջ ինքնությունը պարզելու եւ նրա հնարավոր հանցակիցներին հայտնաբերելու համար: Դեպքը չի ազդել քաղաքի իրավիճակի վրա: Ալաուդինովը նշել է, որ տրանսպորտը, առեւտրային կազմակերպությունները սովորական ռեժիմով աշխատում են:

Առնչվող Հոդվածներ